Ես առցանց կրթությունից գոհ չեմ և արդյունավետ չեմ համարում․․․

Հատկապես ներառական երեխաների համար դժվար էր առցանցը, որովհետև չի կարելի հեռախոսով երկար զբաղվել, գլխացավեր են ունենում։ Ուսուցչին հենց այդպես էլ ասել եմ, որ մեկ ժամից ավելի չեմ ուզում պարապի երեխան։ Խնդրել եմ, որ հանձնարարություններն ինձ ուղարկի․․․

Դասերը համապատասխան կերպով իրականացվել են, բայց գերլարված պայմաններում․․․

Դասի ժամանակ կարող է մեկ երեխայի առանձնացնել, բոլորի ներկայությամբ սկսեն քննարկել, թե ում ընտանիքն է նպաստ ստանում․․․

Սրանք հատվածներ են ուսուցչի և ծնողի հետ զրույցից։ Խոսքը վերաբերում է 2020թվ-ին համավարակի պայմաններում անցկացված հեռավար կրթությանը։ Մասնագետներն ու փորձագետները Արմավիրի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում իրականացրել են հետազոտություն՝ հանրակրթական դպրոցներում արտակարգ դրության պայմաններում    հանրարթությունից դուրս մնացած երեխաների կրթության իրավունքի յուրացման մասին։

Հետազոտության հիմքում նպատակ է դրվել պարզել, թե ինչպե՞ս են արտակարգ դրությունը և առցանց եղանակով հանրակրթության կազմակերպումը ազդել կրթությունից դուրս մնացած երեխաների կրթության իրավունքի յուրացման վրա։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կրթության և սոցիալական արդարության միջև առկա է հստակ կապ, ինչպես օրինակ՝ ավելի բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող ընտանիքների սովորողներն ավելի բարձ գնահատականներ են ստացել, քան նվազ ունևոր ընտանիքների սովորողները։

Ընտանիքներում համակարգիչների առկայությունն ու ինտերնետ կապի հասանելիությունը նույնպես աղքատ և ոչ աղքատ ընտանիքների միջև զգալիորեն տարբեր են եղել։ Աղքատության մեջ ապրող ընտանիքների 38 տոկոսը տանը չեն ունեցել համակարգիչ, 53 տոկոսը՝ ինտերնետ հասանելիություն։ Այս մասին «Երիտասարդական Ավանգարդ» ՀԿ-ում զեկուցեց հետազոտության հեղինակ Մարինա Գալստյանը, որին ներկա էին մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, ծնողներ, Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանը։

Ըստ հետազոտության արդյունքների, առցանց կրթությունից դուրս մնալու հիմնական պատճառները եղել են տեխնիկայի բացակայությունը կամ սակավությունը, համացանցի բացակայությունը, կապի որակը, երեխաների ցանկության բացակայությունը առցանց դասերին մասնակցելու համար։ Արմավիրի մարզպետարանի տվյալներով, մարզում հեռավար կրթությունից դուրս է մնացել 162 աշակերտ՝ 13 դպրոցներից։ Արմավիրի մարզում դպրոց հաճախող աշակերտների թիվը կազմում է 35766։

Հետազոտությանը մասնակցել է 3 հասարակական կազմակերպություն։ Հաշվի առնելով հետազոտության եզրակացությունները, հետազոտության հեղինակներն առաջարկում են հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար ապահովել ուսուցիչների մասնագիտական զարգացումը՝ հիմնված օնլայն տեխնոլոգիաների վրա, կիրառել ինտերակտիվ ուսուցման մուլտիմեդիա ծրագրեր՝ ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու նպատակով։ Կրթության գործընթացի կազմակերպումը և կրթական համակարգը պետք է լինեն ճկուն և պատրաստ՝ ապահովելու ուսուցման գործընթացի շարունակությունը ցանկացած արտակարգ իրավիճակում, ինչի համար պետք է մշակել արտակարգ դրության պայմաններում կրթության կազմակերպման ազգային ծրագիր։ Հեռավար կրթության կազմակերպման համար պետք է մշակել միասնական հարթակ, որտեղ հավասարապես կկարևորվեն հետևյալ երեք ուղղությունները՝ ինչպե՞ս են կառուցվում ուսուցիչ – աշակերտ հարաբերությունները, ինչպե՞ս են կառուցվում աշակերտ – բովանդակություն հարաբերությունները, ինչպե՞ս են կառուցվում աշակերտ – աշակերտ հարաբերությունները։ Առաջարկությունների շարքը շարունակելի է, և «Երիտասարդական Ավանգարդ» ՀԿ նախագահ Սուսաննա Մատինյանը նշեց, որ արձանագրված խնդիրների և առաջարկությունների ամբողջական փաթեթը պատրաստվում են ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ ակնկալելով պատկան մարմնի ուշադրությունն ու խնդիրների կարգավորումը։