ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզի հասարակությանը, մարզպետի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին, պետական և ուժային կառույցների ներկայացուցիչներին ներկայացրեց Արմավիրի նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանին։ Նախարար Սանոսյանը նախ շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին՝ նվիրական գործի, մարզում արդյունավետ ծրագրերի իրականացման հարցում մեծ ներդրում ունենալու և շոշափելի արդյունքներ գրանցելու կառուցողական աշխատանքի համար։ Էդվարդ Հովհաննիսյանն իր հերթին ավելացրեց, որ մարզպետի պաշտոնում գտնվելու երկու տարիների ընթացքում ջանք չի խնայել աշխատելու ի բարօրություն մարզի ազգաբնակչության, համայնքների զարգացման և մարզում առաջընթաց գրանցելու համար։ Նախկին մարզպետը վստահեցրեց, որ նորանշանակ մարզպետը նույնպես պատվով կշարունակի իր գործը, և ոչ միայն կպահպանի ստեղծածը, այլև կլինի նոր ու արդյունավետ ծրագրերի իրականացման նախաձեռնողն ու իրականացնողը։

Նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանը համոզված է՝ հարազատ մարզում հնարավոր ամեն ջանք կօգտագործի և համայնքների ղեկավարների հետ արդյունավետ գործունեություն կծավալի, ինչը մարզի զարգացմանն ուղղված ծրագրերին նոր թափ կհաղորդի։