Նոյեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար  Վահագն Խաչատուրյանը, նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, նախարարի օգնական Արմեն Մարկոսյանը և մամուլի  քարտուղար Լուսինե Մովսիսյանն այցելեցին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գրասենյակ՝ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը և քննարելու «Tech4Armenia» նախաձեռնության զարգացումները։

Հանդիպմանը ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը ներկայացրեց հիմնադրամի ստեղծման պատմությունը և հակիրճ պատմեց Հայաստանի և Արցախի սահամանամերձ համայնքներում բազմամյա գործունեության մասին։

Երկուստեք մատնանշվեց  երկրում ստեղծված ոլորտի մասնագետների մեծ պահանջարկի և անբավարար մարդկային ռեսուրսների խնդրի շուրջ անհանգստությունը, ինչի ակունքները սկսում են հենց դպրոցում՝ պայմանավորված մի շարք առարակների  ուսուցիչների բացակայությամբ։ Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2020 թ.-ին Հայաստանի ինը մարզերի շուրջ 100 դպրոցում չեն դասավանդվում որոշ առարկաներ՝ պայմանավորված համապատասխան մասնագետների բացակայությամբ։ Հաճախ բաց են մնում հենց բնագիտամաթեմատիկական  առարկաները։

Խնդիրը մեղմելու նպատակով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկել է  «Tech4Armenia» նախաձեռնությունը: Հիմնադրամը, համագործակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ, ինչպես նաև համախմբելով ոլորտում առկա առաջատար ընկերություններին, ԲՏ ոլորտի մասնագետներին, համապատասխան մանկավարժական որակավորում ստանալուց հետո, կգործուղվեն Հայաստանի կամ Արցախի դպրոցական համայնքներ՝ համատեղելով մանկավարժական գործունեությունը իրենց հիմնական աշխատանքի հետ։ Նախաձեռնության հաջող իրագործումը  կհանգեցնի կրթության ոլորտում բնագիտամաթեմատիկական որակավորմամբ մասնագետների քանակական և որակական աճի՝ այդպիսով էապես նպաստելով մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացին՝ երկարաժամկետ կտրվածքով։