Արմավիր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը տեղի ունեցավ Սարդարապատի հուշահամալիրում։ Ընտրված վայրը պատահականություն չէր։
Նշենք, որ Արմավիր խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցեց միայն ՔՊ կուսակցությունը, որի ցուցակն առաջնորդում էր գործող քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։ Ավագանու առաջին հանդիպման ընթացքում նախ ավագանու անդամները ստացան իրենց մանդատները, ապա տեղի ունեցավ Արմավիր համայնքի նորընտիր ղեկավարի երդման արարողությունը։
Դավիթ Խուդաթյանը վստահեցրեց, որ քաջատեղյակ է համայնքներում առկա խնդիրներին և իր պաշտոնավարման ընթացքում, բացի Արմավիր քաղաքից, համաչափ զարգացման աշխատանքներ կտարվեն նաև գյուղական բնակավայրերում՝ ըստ առաջնահերթության, սկսած՝ մանկապարտեզների անհրաժեշտությունից մինչև մշակութային կյանքի զարգացում և սոցիալ-տնտեսական խնդիրների նվազեցում։
Այն, որ ավագանու բոլոր անդամները մեկ կուսակցությունից են առաջադրվել, դա, ըստ Խուդաթյանի, խոչընդոտ չի հանդիսանա ավագանու նիստերն ու քննարկումներն անցկացնել առողջ տրամաբանությամբ ու քննադատողական մոտեցմամբ։ Քաղաքապետը վստահ է՝ հարցերի նկատմամբ մոտեցումները կլինեն անկաշկանդ ու լավագույն լուծումը որոշելու դատողությամբ։
Արմավիրի ավագանու կազմում առաջին անգամ ընդգրկված են նաև կանայք։ Սա ևս կարևոր քայլ է, որին հասարակությունը դրական նոտայով է նայում։ «Կանայք կարևոր դեր ու նշանակություն կունենան խոշորացված համայնքի զարգացման գործում և իրենց առաջարկություններով հնարավոր ամեն ինչ կանեն կանանց դերն ու նշակությունը ՏԻՄ-ում բարձրացնելու ուղղությամբ»,- ասում է Սուսաննա Մատինյանը, ով ավագանու կին անդամներից մեկն է։ Ըստ Մատինյանի, տարիներ շարունակ հետևողականորեն ներկա է եղել ավագանու նիստերին և հրապարակային դարձրել դրանք։ Իր մասնակցությունն ավագանու նիստերում այս անգամ տեսել է ավագանու մանդատով և վստահեցնում է, որ իր առաքելությունը բխելու է միայն հասարակության շահերից։
Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի խոսքով, մինչև տարեվերջ ավագանին կհասցնի ևս մեկ նիստ գումարել և տարեկան բյուջեն հաստատել։ Քաղաքապետը շնորհավորեց ավագանու նորընտիր կազմին և մաղթեց արդյունավետ աշխատանք։