Հազարավոր տոննաներով խաղողը դեռ վազերին է, իսկ մթերող կազմակերպությունների առաջ հերթերը չեն պակասում։ Վերջին օրերին թերևս ամենամեծ հերթերը Լուկաշին համայնքում տեղակայված մթերող կազմակերպության առջև են։ Մթերում այստեղ ուշ սկսվեց և մթերվում է հիմնականում այն գյուղացիների բերքը, ովքեր պայմանագիր չունեն այլ մթերող կազմակերպությունների հետ։ Այս կազմակերպությունը մթերումը կշարունակի մինչև հոկտեմբերի վերջ։ Մթերմանը զուգահեռ, դեռ շարունակվում է նաև մթերման պայմանագրերի կնքումը։

Արմավիրի մարզում այս տարի 80-85 հազար տոննա տեխնիկական տեսակի խաղողի բերք է կանխատեսվում։ Այս մասին ասաց Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը։ Մարզում մթերումն իրականացնում են 7 մթերող կազմակերպություններ։

Մինչ օրս մթերվել է 62 հազար տոննա խաղող։ Հաշվի առնելով, որ Երևանի գինու, օղու, կոնյակի գործարանի Ամասիայի մասնաճյուղն այս տարի մթերում չիրականացրեց, գյուղացիները կանգնեցին փաստի առաջ՝ այլ մթերող կազմակերպությունների հետ նոր պայմանագրեր կնքել հնարավոր չեղավ։ Արմավիրի մարզպետարանի միջնորդությամբ, խնդիրը կարգավորվել է Լուկաշինում վերջին օրերին բացված մթերող կազմակերպության, Արարատի և Արագածոտնի մարզերի ևս 3 մթերող կազմակերպությունների միջոցով։ Ըստ Գյուղատնտեսության վարչության պետի, առաջացել էր 15-20 հազար տոննա բերքի մթերման խնդիր։

Մինչ մթերման գործընթացը շարունակվում է, գյուղացիներն ասում են օր-օրի բերքի քաշի կորուստ են գրանցում, խաղողը գերհասունանում է, հատիկները ցամաքում, անձրևներից նեխում, որակազրկվում։ Իսկ որոշ գործարաններ խաղողը մթերում են ըստ որակի՝ կիլոգրամը 130 դրամ, սակայն քաշից դուրս են բերում որոշակի տոկոս (10-20 %)՝ որպես  խաղողի վատ որակ։ Խաղողագործները պնդում են, որ ոռոգման ջրի սակավությունը նույնպես հանգեցրել է խաղողի որակի անկման։ Վերջին՝ պտղալիցի ջուրը, խաղողագործները չեն կարողացել կատարել ոռոգման ջուր չլինելու պատճառով։ Արմավիրի մարզում կա տեխնիկական տեսակի բերքատու 4500 հեկտար խաղողի այգի։ Անցյալ տարի մարզում մթերվել է 90 հազար տոննա տեխնիկական տեսակի խաղող։