2020-2021թթ-ին ՀՀ կառավարության կողմից Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված առաջին, երկրորդ և հինգերորդ միջոցառումների արդյունավետության, անհրաժեշտության, օգտակարության և այդ ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրների ու հայտի ներկայացման մատչելիության մասին մեծածավալ ուսումնասիրություն է կատարել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ «Ապագան այսօր․ կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում՝ Հայաստանում ժողովրդավարությունը խորացնելու համար» ծրագրի շրջանակներում։

«ԱԶԿ» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանի խոսքով, Քովիդ 19-ի առկայությունը ինչպես աշխարհում, Հայաստանում նույնպես խաթարեց տնտեսության բնականոն ընթացքը և վտանգեց աշխարհի երկրների մեծ մասի արտաքին ու ներքին տնտեսական կայությունը։ Ստեղծվեց իրավիճակ, որտեղ պետական ու գործուն միջամտություն էր անհրաժեշտ՝ կանխելու գործազրկության աճը, պաշտպանելու հասարակության խոցելի շերտերին, կասեցնելու տնտեսական անկման բարձր տեմպերը և այդպես շարունակ։

«Ապագան այսօր․ կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում՝ Հայաստանում ժողովրդավարությունը խորացնելու համար» ծրագրի համակարգող Անի Թովմասյանը նկատեց, որ ուսումնասիրությունների արդյունքում տնտեսական ոլորտում կառավարության կողմից վերը նշված միջոցառումների շրջանակներում տրամադրված օգնությունները Արմավիրի մարզում բիզնեսի ոլորտում ավելի շատ հոգեբանական աջակցություն է ընկալվել, քան բիզնեսը կայուն պահելու կամ կորոնավիրուսի պայմաններում գործունեության մեջ կորուստները նվազեցնելու միջոց։ Ըստ Թովմասյանի, հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ փոքրիկ աջակցությունը տնտեսվարողների համար ուշադրության և չանտեսված լինելու գրավական էր, որ այդ ժամանակահատվածի համար անհրաժեշտություն էր։

Հետազոտության արդյունքների մասին տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին Արմավիրի մարզի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների, պետական կառույցների ներկայացուցիչներ և հետաքրքրված անձիք։ Հանդիպման ընթացքում հետազոտության արդյունքներին անդրադարձավ հետազոտող, վերլուծաբան Ղարիբ Հարությունյանը, իսկ հակակոռուպցիոն փորձագետ Հայկ Մալխասյանը ներկայացրեց «Մշտադիտակ» հակակոռուպցիոն գործիքը, որով իրականացվել էր ինֆորմացիայի հավաքագրումը հետազոտական նպատակներով։