Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում հաստատվեց համայնքի 2023թ. բյուջեն։ Արմավիր համայնքի 2023թ․ բյուջեի եկամուտները, ըստ եկամտատեսակների, կազմում է 227948,4 հազար դրամ։ Ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընգրկված էր 32 հարց։ Դրանք վերաբերում էին Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի աշխատողների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի հաստատմանը, մսուր-մանկապարտեզների հաստիքացուցակների և պաշտոնային դրույքաչափերի հաստատմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի հաստատմանը, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող ապրանքանյութական արժեքների ամենամսյա գույքագրման արդյունքների հաստատմանը, ինչպես նաև գույքահարկի արտոնություններ սահմանելուն և օգնություն հատկացնելուն։
Նիստի ընթացքում քննարկվեց նաև «Բարեկարգում» տնօրինության աշխատակազմի հաստիքացուցակի հնարավոր փոփոխությունը 2023 թվ-ին՝ հաշվի առնելով, որ տարեսկզբին նախատեսվում է համալրել տնօրինության ավտոպարկը և անհրաժեշտ կլինեն վարորդներ ու բանվորներ։
Ավագանու քննարկմանն էր դրվել նաև 2023 թվ-ին Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձի 25-30 տոկոս բարձրացման հարցը։
Ավագանու անդամ Սուսաննա Մատինյանին մի քանի հարց հետաքրքրեց, որոնք հիմնականում վերաբերում էին աշխատավարձերի բաշխվածությանը։ Օրինակ, ի՞նչ հիմքով են վերաբաշխվել համայնքի 10 վարչական պատասխանատուների աշխատավարձերը, որ նրանցից 2-ի համար սահմանվել է 350 և 8-ի համար՝ 330 հազար դրամ։ Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի խոսքով, տարբերությունը պայմանավորված է համայնքների բնակչության թվի մեծությամբ։
Օրակարգի բոլոր հարցերին ավագանին միաձայն կողմ քվեարկեց։ Նիստի ավարտին Դավիթ Խուդաթյանն ամփոփեց 2022 թվ-ին կատարված աշխատանքները, ներկայացրեց գալիք տարվա անելիքները։