Այսօր՝ վաղ առավոտից, արմավիրցիների հոսքը քաղաքային զբոսայգի չէր դադարում։ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ քաղաքի տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, ՀԿ ներկայացուցիչներ ծաղիկներ էին խոնարհում անմահ հերոսների հիշատակին։ ՌԴ Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարական կազմն ու զինվորականները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողի մոտ, այնուհետև ճաշկերույթ կազմակերպեցին։ Երթով, նախ՝ Արմավիրի կայարանամերձ հրապարակում գտնվող Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, այնուհետև՝ քաղաքային զբոսայգում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Արմավիրի մարզային իշխանությունների և մարզի ՏԻՄ ղեկավարները։