Մարզկենտրոն Արմավիրին կապող տասնյակ համայնքներ զրկված են հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորությունից։ Սահմանամերձ գյուղերում միջհամայնքային երթուղի չկա արդեն 12 տարի։ Պարբերաբար հայտարարվող մրցույթներն այս երթուղու համար չեն կայանում։ Գծատերերը ուղղությունը ոչ եկամտաբեր են համարում և հրաժարվում հայտ ներկայացնել երթուղին շահհագործելու համար։
Արտամետցիները գյուղից-գյուղ, մարզկենտրոն, իսկ համայնքների խոշորացումից հետո՝ նաև Բաղրամյան համայնք գնալու խնդիր ունեն։ Այս ուղղություններով հասարակական տրանսպորտ չի գործում։
Նույն իրավիճակում են գտնվում Տալվորիկ, Վանանդ, Կողբավան, Բագարան, Երվանդաշատ համայնքները։ Այս ուղղությամբ երթուղին գործեց 2016 թվ-ին՝ 2 ամսով, բայց ոչ թե մրցույթով ու կանոնավոր չվացուցակով, այլ վերը նշված համայնքների ղեկավարների նախաձեռնությամբ ու համայնքի ֆինանսական միջոցներով ավտոբուս վարձակալվեց, վարորդը վարձատրվեց և օրը երկու անգամ 5 գյուղերի բնակիչները հնարավորություն ստացան օգտվելու տրանսպորտային միջոցից։ Կարճ ժամանակ անց որոշումը չեղարկվեց և երթուղին փակվեց․ ծախսերը չէր արդարացնում։
Ոչ եկամտաբերության պատճառով տասնյակ տարիներ սահմանամերձ համայնքներ երթուղի սպասարկող չգտնվեց։
Պայքար Հակոբյանն ասում է՝ քաղաք հասնելու համար մի քանի տրանսպորտ են փոխում, երբեմն էլ ոտքով են տասնյակ կիլոմետր անցնում։
Բաղրամյան խոշորացված համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանն ասում է՝ խնդրին ծանոթ է, առաջնային հարց է, բայց դժվար լուծելի։
Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ նախկինում մարզպետարանն էր կազմակերպում ներմարզային հասարակական տրանսպորտի հետ կապված գործառույթները։ Որպեսզի հասարակական տրանսպորտը հասանելի դառնար մարզի բոլոր բնակավայրերին, մարզպետարանն անցկացնում էր փաթեթային մրցույթ։ Մասնավորապես, ավելի եկամտաբեր ուղղությունների փաթեթներում ներառվում էին փոքր եկամտաբերություն ունեցող ուղղությունները։ Այս եղանակով հնարավոր էր լինում հասարակական տրանսպորտը հասանելի դարձնել բոլոր բնակավայրերի բնակիչներին։ Այժմ ներմարզային հասարակական տրանսպորտով զբաղվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Մարզպետը խոստանում է խնդրին հետևողական լինել։