Հունվարի 19-ի  լուսաբացին սկսեց  ձյուն տեղալ։  Հաշվի առնելով, որ այս ձմեռը ձյունառատ չէր, ձյան գալուստը կարող էր ուրախություն պատճառել ինչպես փոքրիկներին, այնպես էլ գյուղացիներին, քանի որ գյուղատնտեսության համար ձյունը նպաստավոր է համարվում։

Այս ամենին զուգահեռ ձյան առկայությունը, հատկապես քաղաքային համայնքներում մի շարք անհարմարություններ ստեղծեց։ Սկսած մայթերից, մինչև երթևեկելի ճանապարհներ։

Արմավիրում քաղաքացիները, հատկապես տարեցները առավոտյան առավել զգուշավորությամբ էին քայլում մայթերով, քանի որ մաքրման աշխատանքներ մայթերում չէին կատարվել։ Փողոցներում նույնպես անմխիթար վիճակ էր։ Կենտրոնական հատվածներում ժամը 9-ից-9,30 –ի սահմաններում  սկսվեց աղի ու ավազի խառնուրդի տարածումը։ Ծայրամասային հատվածներում ընդհանրապես մաքրման աշխատանքներ չէին կատարվում, համենայնդեպս,մինչև ժամը 12 –ն ընկած ժամանակահատվածը։

Այդուհետ եղանակը սկսեց իր գործն անել, ձյունը սկսեց հալվել օրվա տաքացմանը զուգահեռ։ Մինչ այդ քաղաքի տարբեր հատվածներում ականատեսը եղանք ավտովթարների։

Նշենք, որ ձյան մաքրման աշխատանքներ ընդհանրապես չէին կատարվել Արմավիր- Մարգարա միջհամայնքային ճանապարհին։ Նույն   վիճակում էին մարզկետնրոն Արմավիրին կապող գրեթե բոլոր միջհամայնաքային ճանապարհները։ Նկատենք, որ եղանակը կանխատեսելի էր և իրավիճակը վերահսկելը, կամ սպասվող ահարմարությունները ժամանակին վերացնելը  հնարավոր էր։