Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Հայոց բանակի օրը: Բանակ, որը ծնվեց հայ ժողովրդի համար բարդ ու ծանր ժամանակաշրջանում, հավաքական կամքի ու ոգու արդյունքում՝ դարռնալով մեր նորանկախ հայկական պետականության առանցքը:
Բանակն իր ստեղծման օրվանից միշտ զգացել է համայն հայության անվերապահ սերն ու հարգանքը, որը պայմանավորված չի եղել միայն կերտած հաղթանակներով, ձեռքբերումներով ու լեգենդ դարձած անհատներով, այլև, ինչ խոսք, ցավալի կորուստներով:
Հավատալով մեր պետության լուսավոր գալիքին՝ այսօր գլուխ եմ խոնարհում հանուն այդ հավատամքի նահատակված մեր բոլոր հերոսների վառ հիշատակի առաջ: Շուտափույթ ապաքինում և մեծ ուժ եմ մաղթում մեր վիավորներին, ոգու ամրություն և համբերություն՝ մեր հերոսածին ծնողներին ու հերոսների հարազատներին:
Այո, մեր ցավն այժմ մեծ է: Միաժամանակ մեծ է նաև հայի ապրելու և ապրեցնելու կամքը, արարելու և հզորանալու վճռականությունը: Եվ միայն այս ճանապարհով մենք կարող ենք որպես ազգ ու պետություն շարունակել մեր հարատևության ուղին և արժանին մատուցել մեր հերոսների հիշատակին:
Իսկ այսօր յուրաքանչյուրս մեր հնարավորությունները պետք է ծառայեցնենք Հայոց բանակի հզորացմանը, լինենք նրա կողքին՝ անցանկալի փորձություններն արժանապատիվ կյանքի ու հաղթանակի վերածելու համար:
Աստված պահապան հային ու Հայաստանին:
Փառք Հայոց բանակին:

ՀՀ Արմավիրի մարզպետարան