Նոյեմբերի 10-ին հանդիսավորությամբ բացվեց Արմավիրի քաղաքացիների սպասարկման գրասենյակը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին, համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ և այլ քաղաքացիներ:

Իր ելույթում քաղաքապետը շնորհավորեց բոլորին տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց ՀՀ, Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարություններին, որոնց անմիջական մասնակցությամբ ժամանակակից և տեխնոլոգիապես հագեցած գրասենյակի առկայությունը հասանելի դարձավ նաև արմավիրցիներին՝ հավելելով, որ նման գրասենյակները նպաստում են ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:

Գրասենյակի նպատակն է «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության, թափանցիկության և հասանելիության բարձրացումը, քաղաքացու և քաղաքապետարանի միջև առավել մատչելի և դյուրին հաղորդակցության ապահովումը:

Գրասենյակում մատուցվում են հետևյալ ծառայությունները.

• Դիմումների և գրությունների ընդունում, պատասխանների տրամադրում

• Տեղեկանքների տրամադրում

• Թույլտվությունների տրամադրում

• Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարումների հաշվարկում և գանձում

• Վարձակալական վճարների հաշվարկում և գանձում

• Տվյալների հաշվառում

• Տեղեկատվության տրամադրում

• Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության գրանցում

Արմավիրի քաղաքացիների սպասարկման գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համատեղ աջակցությամբ:

Արմավիրի քաղաքացիների սպասարկման գրասենյակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը:

ՀՀ Արմավիրի Քաղաքապետարան