Արմավիրցիները կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել 3՝ կորոնա-վակ, աստրա-զենեկա և սպուտնիկ տեսակի պատվաստանյութերով՝ իրենց ընտրությամբ։ Ըստ Արմավիրի բ/կ բժիշկ –համաճարակաբան Աշխեն Պողոսյանի, Արմավիրի տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ցանկություն քչերն ունեն։ Այս պահի դրությամբ պատվաստվել է ազգաբնակչության 6 տոկոսը։ Նրանք հիմնականում հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներն են՝ դպրոց, ոստիկանություն, ծառայություն մատոցող կազմակերպություններ։

Բժշկի կարծիքով, պատվաստումից խուսափելու երկու պատճառ կա, նախ՝ ուռճացված լուրերը սոցիալական ցանցերում, որ պատվաստումից մահվան դեպքեր են գրանցվում, և երկրորդ՝ պատվաստումը չի օգնում խուսափել վարակվելուց։

Աշխեն Պողոսյանը չի հերքում՝ պատվաստվել չի նշանակում չվարակվել քովիդով, սակայն ձևավորվում է իմունիտետ, որը հնարավորություն է տալիս ավելի թեթև ու անվտանգ անցնել հիվանդության շրջանը։

Բնակչության շրջանում պատվաստվելու նկատմամբ ակտիվություն դրսևորելու նպատակով թաղային և տնային բժիշկների կողմից իրականացվում են խորհրդատվական աշխատանքներ՝ հեռախոսազանգերի և այցերի միջոցով։ Առայժմ դրական տեղաշարժ չի նկատվում։ Պողասյանը կարծում է, որ միայն պատվաստման պարտադիր դառնալու դեպքում մարդիկ կստանան պատվաստանյութը, և եթե բնակչության 60-70 տոկոսի մոտ կարողանան ապահովել պատվաստման գործընթացը, հնարավոր կլինի խուսափել համավարակի նոր բռնկումից։

Արմավիրում հունիս-հուլիս ամիսներին վարակի դեպքերը նվազել են, դրանք չեն գերազանցել 10-ը, սակայն վերջին շաբաթում վիրուսի տարածման դինամիկա է գրանցվել՝ 46-47 դրական դեպք միայն Արմավիր տարածաշրջանում։ Քաղաքացիները պատվաստվել կարող են Արմավիրի պոլիկլինիկայում, իսկ գյուղական համայնքներում ՝ բուժամբուլատորիաներում։