Քաղաքակիրթ աշխարհում բանկը հասարակության և բիզնեսի զարգացմանը նպաստող հիմնական գործոններից է, և յուրաքանչյուր քաղաքացի հավատով ու հարգանքով է մոտենում այդ կառույցին: Հայաստանի պարագայում դժվար է նշել, թե ինչ ֆունկցիա է կատարում բանկը: Բանկի ֆունկցիան ավելի տեսանելի է դառնում, երբ իր գործառույթն է սկսում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը:
ՀՀ Կենտրոնական բանկը սահմանել է բանկային տոկոսի հաշվարկային դրույք` տարեկան 12 տոկոս, որի կրկնապատիկից ավելի չի կարող առաջարկել առևտրային բանկը: Նույնիսկ ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածը սովորական քաղաքացիների համար էլ պատիժ է սահմանում Կենտրոնական բանկի սահմանած տարեկան դրույքաչափի կրկնակին գերազանցող տոկոսներ ստանալու համար: Ինչպես միշտ, իրավական ակտերը ոչ միշտ են իրականության հետ համընկնում:
Օրինակ, ասենք, շարքային քաղաքացին ցանկանում է վարկ վերցնել X բանկից (բանկի անունը չենք նշում, որպեսզի գովազդ կամ հակագովազդ չդիտվի), բնական է, բանկերն այսօր վարկեր են տրամադրում ամենաբարձր տոկոսադրույքով, այսինքն տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով: Վերցնենք ամենապարզունակը, երբ բացակայում է գրավի առարկան, որի դեպքում, մինչև բանկ հասնելը, գրավադրման հետ կապված հսկայական ծախսեր կան` կապված գնահատման և գրավադրման հետ:
Բանկը ծանոթացնում է տարեկան տոկոսադրույքին, պայմանագիր է կազմում, ծանոթացնում է պայմանագրի դրույթների հետ: Պայմանագրին ծանոթանալուց և ստորագրելուց հետո մնում է ստանալ նախատեսված գումարը և շնորհակալություն հայտնել բանկին: Սակայն բանկը քեզ տալիս է ոչ թե պայմանագրով նախատեսված գումարը, այլ 2 կամ 3 տոկոսով պակաս գումար: Երբ հարցնում ես ինչո՞ւ է գումարը պակաս, պատասխանում են, որ պահվել է որպես միջնորդավճար: Սրանով բանկի գործողությունները չեն ավարտվում: Ամեն ամիս, պայմանագրով նախատեսված գումարը վճարելիս, բանկը 200 դրամ ավել է վերցնում, իսկ հարցին պատասխանում է, որ սպասարկման գումար է պահում:
Եթե վարկը վերցված է ասենք 6 ամիս ժամկետով, նշանակում է քաղաքացու համար տարեկան տոկոսադրույքը հասնում է 28 և ավել տոկոսի:
Այս ամենից հետո հարցեր են առաջանում, նախ՝ ինչո՞ւ է առևտրային բանկը գերազանցում կենտրոնական բանկի սահմանած դրույքաչափի կրկնապատիկը, երկրորդ՝ ինչո՞ւ վարկային պայմանագրում այդ պահումների կամ վճարումների մասին չի նշվում, երրորդ՝ արդյո՞ք առևտրային բանկերի նման գործողությունները չեն հակասում ՀՀ Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքի 38 հոդվածի 1 և 3 կետերի դրույթներին, որտեղ 1-ին կետում գրված է, որ բանկերի և հաճախորդների փոխհարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ, 3. բանկերին օրենքով արգելվում է հաճախորդի հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս բանկային այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ բանկի հետ, և չորրորդ՝ ինչո՞ւ կենտրոնական բանկը առևտրային բանկերի նման գործողությունները չի որակում Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքի 60 հոդվածի 2-րդ կետի բ. ենթակետով նախատեսված խախտումներ, այսինքն գործարքներ, որոնք հակասում են գործող օրենսդրությանը և իրավական ակտերին:
Մի գուցե բանկերը, հաճախորդի կարծիքը չհարցնելով, պարտադիր թեյավճա՞ր են պահում, որի չափի ընտրության մենաշնորհը միայն իրենցն է:
Առաջարկած բարձր տոկոսադրույքները բանկերն արդարացնում են բարձր ռիսկայնությամբ, սակայն ոսկու գրավի պարագայում 24 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկ տրամադրելը ինչպիսի՞ ռիսկերի հետ է կապված: Ոսկու գրավի պարագայում վարկերը կարճաժամկետ են տրամադրում, ասենք 3 կամ 6 ամիս ժամկետով, և հաճախորդին խորհուրդ է տալիս չմարելու դեպքում երկարացնել, բայց երկարացնելն էլ գումար արժի: Ամեն անգամ երկարաձգելու դեպքում բանկը լրացուցիչ գումարներ է գանձում իրենց փորձագետի գնահատման ծախսերի համար: Զավեշտն այն է, որ, երբ ոսկու գրավով վարկը երկարաձգվում կամ անվանափոխվում է, ոսկին ամեն փոփոխության ժամանակ գնահատման փորձաքննություն է անցնում առանց հաճախորդի ձեռքը հանձնելու:
Հայաստանում չկա մի նորմատիվային ակտ, որով պարտադրեին բանկերին տեսանելի վայրում փակցնել այն լրացուցիչ ծառայությունների ցանկը, որոնք վարկային պայմանագրից դուրս իրականացնում և գանձումներ է կատարում բանկը:
ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԹԵՅԱՎՃԱՐ ԲԱՆԿԵՐՈՒՄ
16:24, 19 հլս. 2013