Խորհրդային տարիներին կարկուտի դեմ պայքարի մի ամբողջ համակարգ էր ստեղծվել: Գոյություն ուներ կենտրոն, որտեղից հրամաններ էր տրվում կայաններին, թե ինչ ուղղությամբ, ինչ բարձրությամբ և ինչ քանակով պետք է իրականացվի թնդանոթային համազարկերը: Ճիշտ է, լինում էին շեղումներ, սակայն, որակական տեսանկյունից, շատ ցածր տոկոս էին կազմում: Անկախության հենց առաջին տարիներին հակակարկտային կայանների թնդանոթները տեղափոխվեցին ռազմի դաշտ և դրանով վերջ դրվեց կարկուտի դեմ պայքարին: Գյուղացին, հատկապես գարնան ամիսներին, աղոթում էր, որ բնական այդ չարիքը սովի չմատնի իր ընտանիքին: Բնությունը ոչ միշտ էր արձագանքում գյուղացու աղոթքներին և պարբերաբար հիշեցնում էր, որ տեղումների մեջ նաև կարկուտ կա: Այդ տարիների բնության մատուցած դառը պտուղները շատ գյուղացիներ ճաշակում են մինչ օրս: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսական վարկերին, արտագաղթին և սեփական բնակարանից զրկվելուն:
Իրավիճակն այնքան էր սրվել, որ պետական մակարդակով սկսվեց հակակարկտային կայանների տեղադրման գործընթացը: Այս կայաններն իրենց աշխատանքի բնույթով էապես տարբերվում են նախկին կայաններից: Նոր կայանները ոչ թե թնդանոթային համազարկով են ցրում ամպերը, այլ մեծ ճնշման տակ բութան են մղում երկինք և դրանով չեզոքանցում կարկտաբեր ամպերը: Եթե նախկին կայանները կարող էին սպասարկել 25-30 կմ շառավղով տարածք, ապա նոր կայանները կարող են սպասարկել 50-80 հեկտար հողատարածք:
Ինչպես հանրապետության շատ մարզերում, այնպես էլ Արմավիրի մարզի ավելի ռիսկային գոտիներում պետական միջոցներով և հովանավորների աջակցությամբ տեղադրվեց 99 հակակարկտային կայան: Որպես կանոն պահպանման և հետագա շահագործման համար հակակարկտային կայանները հանձնվում են համայնքներին:
Հակակարկտային կայանների շահագործման համար առաջին հերթին անհրաժեշտ է լիցքավորել բալոնները սեղմված բութան գազով: Կայաններում տեղադրվում է 5 ժապավեն, յուրաքանչյուր ժապավենում 20 կիլոգրամանոց 12 բալոն: Կայանի լիարժեք աշխատանքի համար պետք է լիցքավորել բոլոր 60 բալոնները, այսինքն 1200 կգ բութան:
Լավագույն դեպքում մեկ լիարժեք լիցքավորումը կարող է բավարարել մեկ տարի, իսկ վատագույն դեպքում 2 լիցքավորումն էլ հնարավոր է, որ չբավականացնի: Կապված համայնքի աշխարհագրական դիրքից, և հաշվի առնելով հակակարկտային կայանի ընդգրկման մակերեսը, մեկ գյուղի տարածքում կարող է տեղադրվել 2 և ավելի կայաններ: Համայնքները, չունենալով ֆինանսական միջոցներ, չեն կարողանում լիցքավորել կայանները: Որպես կանոն, ռիսկային համայնքներն առանց այդ էլ տարիներ շարունակ տուժել են կարկուտից և գտնվում են ֆինանսական ծանր վիճակում: Եթե դիմենք օրինակների, ասենք Արմավիրի մարզի Կողբավան և Արևադաշտ համայնքների բյուջեն 4 միլիոն չի կազմում: Նրանց համար հակակարկտային կայան շահագործելը մեծ շռայլություն է եթե հաշվի առնենք, որ բութան գազի մատակարարներ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին պատկանող «Բութան» և «Բավրա» ՍՊ ընկերությունները մեկ կիլոգրամ բութանի համար առաջարկում են համապատասխանաբար 580 և 680 դրամ: Այսինքն, մեկ հակակարկտային կայան լիցքավորելու համար անհրաժեշտ է 696 – 816 հազար դրամ, իսկ եթե համայնքում տեղադրված է 2 կամ ավելի կայան, սա արդեն լուրջ խնդիր է:
Հենց սա է պատճառը, որ մարզում 99 հակակարկտային կայան է տեղադրվել, իսկ կարկուտից արդեն որոշ համայնքներ տուժել են: Օրինակ, ապրիլի 13-ին Մյասնիկյան համայնքում կարկուտը վնասել է ծիրանի սպասվող բերքի մոտ 30 տոկոսը: Բազմաթիվ գյուղեր արդեն իսկ մատակարարների նկատմամբ պարտավորությունները չեն կատարել և մեծ պարտքեր են կուտակել, իսկ մատակարարներն էլ հրաժարվում են լիցքավորել կայանները: Արդյունքում հակակարկտային կայանները շատ գյուղերի համար որպես զարդարող գույք են հանդիսանում:
Ստեղծված իրավիճակում կարկուտից լիարժեք ձերբազատվելու համար անհրաժեշտ է պետության միջամտությունը:
ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ
17:43, 18 ապր. 2013