Հունվարի 15-ից Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) անցել է պարտադիր սպանդանոցային մորթի խիստ հսկողության։ Սպանդանոցային մորթը ենթադրում է, որ ֆերմերը կամ գյուղացին իր անասունի մորթով այլևս չի զբաղվի և այդ գործընթացը կիրականացնեն հատուկ սպանդանոցները։ ՍԱՏՄ-ի պահանջով մսի վաճառակետերը պետք է վաճառվող մսի հետ ունենան անասնաբուժական 5-րդ ձևը: Չունենալու դեպքում կարգելվի մսի վաճառքը, իսկ տնտեսվարողը կտուգանվի 300 հազար դրամի չափով։
ՍԱՏՄ-ի ղեկավարի խորհրդականը, Ազատությանը տված մեկնաբանությամբ, ասում է, որ որոշումն այլընտրանք չունի, այլապես Հայաստանը կհայտնվի միջնադարում։ Այն, որ յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի կողմ է անվտանգ սննդամթերք ընդունելուն, դա կասկածից վեր է, բայց թե ի՞նչ գործիքներ կիրառելով կարելի է հասնել ցանկալի արդյունքների, դրա համար նախ պետք է առնվազն բնագավառից պատկերացում ունենալ։
Նման արկածախնդիր որոշում կայացնելուց առաջ պետք էր նախ դրա անհրաժեշտությունը հիմնավորել, մանրակրկիտ ուսումնասիրել և հաշվի առնվեր ռիսկերը։ Շատ անհասկանալի է, որոշումը կյանքի կոչել՝ տեղյակ չլինելով սպանդանոցների քանակին և աշխարհագրությանը։ Եթե տեղյակ են եղել ու, Արթուր Շատվորյանի խոսքով, վաղը չէ մյուս օրը Շամշադին կգնան, ապա ինչպե՞ս է տեսչական մարմինը ոտնահարում տնտեսվարողների սահմանադրական իրավունքը, չէ՞ որ պետությունը տնտեսվարողների միջև մրցակցության հավասար պայմաններ ստեղծելու երաշխավորն է։
Գյուղացիների և ֆերմերների բողոքները տրամաբանական են. որքան էլ, որ ՍԱՏՄ-ն ասի, որ հուշագիր է ստորագրվել սպանդանոցների հետ, միևնույն է, սպանդանոցն իր պայմաններն է թելադրելու։ Հուշագիրը բարի կամքի փաստաթուղթ է, որն իրավական հետևանքներ չի ենթադրում։
Նախ՝ սպանդանոցը անասունի տիրոջը չի վերադարձնում անասունի ենթամթերքը (գլուխ, կաշի, սիրտ, թոք, լյարդ, պոչ և տոտիկներ): Գյուղացիների հաշվարկով, 40-50 հազար դրամ միայն այդ մասով են կորցնում։ Տեղափոխման ծախսերը, ասենք, գյուղացին Արմավիրի մարզի Բագարան համայնքից իր անասունը պետք է բերի Էջմիածին քաղաքի սպանդանոց, դրա համար պետք է կտրի անցնի 70-75 կմ ճանապարհ ու վճարի մոտ 20-25 հազար դրամ, 10 հազար դրամ մորթելու համար, հետո պետք է այնքան սպասի, որ իր անասունին մորթեն, ավարտելուց հետո կշռեն, կամ միսը վերադարձնեն, կամ կտրոն տրամադրեն։ Կտրոնի դեպքում պետք է գնա տուն ու սպասի, թե քանի օրից իրեն կզանգեն կասեն, որ մի հատ էլ Արմավիր քաղաք գա ու կտրոնով բանկից ստանա մսի գումարը։
Արմավիրի ցուցարարների խոսքով, խոզ չեն ընդունում, այսինքն սրանով սպանդանոցը ՍԱՏՄ-ին ասում է՝ էտ հուշագիրը իմ համար թղթի կտոր է, ես աշխատում եմ իմ ցանկությամբ։ Յուրաքանչյուր ընթերցողի մոտ հարց կառաջանա, իսկ ի՞նչ է անելու սպանդանոցը անասունի այդքան կուտակված ներքին օրգանները: Պատասխանը տրամաբանորեն տանում է դեպի երշիկ արտադրողներ։
Շատվորյանը մի շատ հետաքրքիր դիտարկում էլ է անում՝ կապված 5-րդ ձևի հատուկ կոդի կապակցությամբ՝ ասելով, որ գնորդը հեռախոսի օգնությամբ կարող է իմանալ, թե ինչ կենսագրություն ունի միսը։ Այդ հատուկ կոդում ավելի շատ անասունի տիրոջ կենսագրությունն է, քան՝ անասունինը։ Սպառողներն ավելի շատ խուսափում են հորմոններով հարստացված կերով սնված անասունի մսից, արդյո՞ք սպանդանոցի հետազոտությունների ցանկում ներառված է հորմոնների առկայության փաստը, և եթե այո՛, հատուկ կոդն այդ մասին տեղեկացնու՞մ է սպառողին։
Ստվերային վաճառքն այս մեթոդով չի կրճատվի, վաճառքի կետերը 5-րդ ձևը կփակցնեն տեսանելի վայրում ու շատ հանգիստ սպանդանոցից ստացված մսի հետ կարող են վաճառել և՛ ստվերային միս, և՛ ավանակի ու ձիու մսեր։
Շատվորյանի խոսքով, բակային մորթ կթույլատրվի միայն ծիսակատարությունների նպատակով ու օրինակ է բերում մատաղը, որը չի վաճառվում, այլ բաժանվում է։ Արդյո՞ք այդ ցանկում տեղ չի գտել, ասենք, ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ ցլիկի մորթը, եզդի համայնքի անդամի հարսանիքին մորթված 10-15 ոչխարը, կամ որդուն ամուսնացնելու նպատակով հատուկ պահված 2 խոզը։ Կարելի է ենթադրել, որ այս մսերը եթե չեն վաճառվում, ուրեմն անվտանգ են։
Կա ընտանիք, որտեղ թոշակառու ամուսիններով մի կովի եկամուտով են ապրում, կովի, թեկուզ հորթի, սպանդանոց տանելն իրենց համար արդեն անլուծելի խնդիր է։
Կոչ է արվում սպանդանոցային բիզնեսով զբաղվել, սակայն շատ հետաքրքիր է, ո՞ր խելամիտ մարդը կմտնի այդ բեռի տակ՝ չիմանալով շուկայի ծավալները, անասունների գլխաքանակը, ակնկալվող եկամուտները։