ԵՄ-ն, հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, իրականացնում է ծրագիր, որի նպատակն է աջակցել միգրանտների, վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն հիմնադրված կամ նոր ստեղծվող բիզնեսների զարգացմանը։ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրան տեղեկացրեց, որ ծրագրի շահառու կարող են դառնալ ներկա միգրանտները, ովքեր վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են արտերկրում, այդ թվում՝ աշխատանքային նպատակով, վերադարձած միգրանտները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում գտնվել են ՀՀ սահմաններից դուրս, միգրանտների կամ վերադարձած միգրանտների ընտանիքի անդամները՝ ծնողներ, քույր, եղբայր։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերում։ Մեկնարկը հոկտեմբերի մեկից է։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից։