Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Չնայած նրան, որ վերջին ժամանակաշրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ, ինչպես օրինակ` գլոբալ տաքացումը, ջերմոցային էֆեկտը, այդուհանդերձ հիմնական պատճառը մնում է մարդը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին: Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է` վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով:
-նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ
-ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում
-կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով որոշակի ժամանակահատվածներում`տեղական իշխանությունների թույլտվությամբ:)
Կարևոր է իմանալ նաև անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները:Մասնավորապես,եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ,պետք է փորձել հանգցնել այն:Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր:Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել, ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել,որպեսզի դրանք այդ ձևով սառչեն ու չայրվեն:Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով որ այն տարածվի ծառերի բները ու սաղարթները:Մարելով փոքր հրդեհը կարելի է հեռանալ միայն համոզվելով,որ կրակը նորից չի բորբոքվի: Արմավիրի ՄՀ և ՏԱ տեսչությունը հորդորում է մարզի բնակչությանը պատասխանատվությամբ վերաբերվել մարզի բուսածածկ և անտառապատ գոտիներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը:
Արմավիրի մարզային հրդեհային և
տեխնիկական անվտանգության տեսչություն