Հունվարի 21-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում մեդիա ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ staff.am-ը ներկայացրեց ՀՀ աշխատաշուկայի ակտիվության ամենամյա վերլուծությունը 2019թ․-ի տվյալներով։
Վերլուծությունը ներառում էր համեմատություններ ինչպես 2018թ․ տվյալների հետ, այնպես էլ հետևություններ 2020 թվականի համար։ Ըստ վերլուծության արդյունքների թափուր աշխատատեղերի քանակը 2018-ի համեմատ 2019-ին աճել է 250%-ով:
«Ամենապահանջված մասնագիտությունը շարունակում է մնալ Ծրագրավորումը, ընդ որում դիտարկելով թոփ 10 պահանջված մասնագիտությունները տեսնում ենք, որ 2018-ի տվյալների համեմատ աճել է Ծրագրավորման, Վաճառքի ու սպասարկման, Որակի կառավարման և Կրթության ոլորտների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ։ Վերջինս պայմանավորված է պետ․ ոլորտի՝ մասնավորապես ԿԳՄՍ-ի կողմից 2019թ․-ին հարթակի ակտիվ օգտագործմամբ»,- նշեց staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։
Ծրագրավորման մասնագետների պահանջարկի հետ կաճի նաև դեֆիցիտը, նման իրավիճակ կլինի նաև Թվային մարքեթինգի, Տվյալագիտության (Data Science), Պրոդուկտի զարգացման, Նախագծերի զարգացման և չորրորդ ինդուստրիալ հեղափոխության արդյունքում առաջացած մասնագիտությունների դեպքում։
ՀՀ-ում 2019-ին ամենաակտիվ գործատուները ներկայացրել են ՏՏ, Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն, Արդյունաբերություն/Արտադրություն, Ներկրում/Արտահանում/Առևտուր ոլորտները։ Թոփ 5 գործատուների ցանկը ամփոփում է Տուրիզմ և Հյուրընկալություն ոլորտը։ Ամենամեծ բացասական փոփոխությունը ամբողջի մեջ տեսակարար կշռով՝ Ֆինանսներ/Ապահովագրություն/Բանկ և Հեռահաղորդակցության ոլորտներում է տեղի ունեցել։
2020-ին ՏՏ ոլորտը կշարունակի դինամիկ զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, իսկ ՏՏ ընկերությունները կշարունակեն մնալ առաջնորդի դերում, ակտիվությունը աճեցնելով մոտ 4-6 տոկոսային կետով։
Մարզային քաղաքների ակտիվությունը շարունակում է մնալ ցածր։ Բոլոր աշխատանքների 92%-ը բաժին է ընկնում Երևանին, իսկ մարզային քաղաքներում կամ տեղական ընկերություններն են գերիշխում, կամ բանկային, ապահովագրական և հեռահաղորդակցության մասնաճյուղի աշխատանքներն են։ Կարող ենք նշել նաև Գյումրի քաղաքում ծրագրավորման և այլ ՏՏ մասնագետների պահանջարկը։ Մասնավորապես, Գյումրիում առկա թափուր աշխատատեղերի մոտ 15% -ը ՏՏ ոլորտում է։
Զարգացման նման համատեքստում մարզային քաղաքների ակտիվությունն ու ներգրավվածությունը կշարունակի մնալ 7-8% տեսակարար կշռի սահմաններում։ Մարզային ակտիվության աճը անմիջականորեն կապված է ՀՀ-ում աշխատաշուկայի թվայնացման հետ և ցանկացած մեծ փոփոխություն այդ ոլորտում կհանգեցնի նաև մարզային քաղաքների ակտիվության աճին։
«Սոֆթ (անձնային) հմտությունների դերը աշխատաշուկայում գնալով ավելի կարևոր է դառնում։ Եթե համեմատենք գործատուի կողմից 2018թ․-ին առաջադրված պահանջները սոֆթ հմտությունների կոնտեքստում, ապա վստահ կարող ենք ասել, որ անկախ մասնագիտությունից այնպիսի հմտություններ ինչպիսիք են Թիմային աշխատանքը, Ժամանակի կառավարումը Problem Solving (Խնդիրներին օպտիմալ լուծում տալը), Աշխատանքի և թիմի հանդեպ դրական վերաբերմունքը և այլն, նույնքան կարևոր են, որքան տվյալ մասնագիտության համար պահանջվող մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները», – հավելեց staff.am Հաղորդակցության գծով տնօրեն Նազելի Բադալյանը։
Աշխատավարձերի ուսումնասիրությունը թվային տեսքով ցույց է տալիս այն պատկերը, որ կա ՀՀ աշխատաշուկայում այսօր։ Մասնավորապես, մեծ տարբերությամբ մյուս ոլորտների հետ գերիշխում է Ծրագրավորող ինժեներների աշխատավարձերը, թոփ հնգյակում առաջին 4 մասնագիտությունները ՏՏ ոլորտից են, ընդ որում, եթե դիտենք տարիների փորձի հետ աճի դինամիկան, ապա ՏՏ ոլորտի աշխատանքներում այն վառ արտահայտված է։ Ըստ հարցման մասնակիցների Մարքեթինգի ոլորտի և Վեբ/Գրաֆիկ դիզայներ մասնագետների աշխատավարձերն ավելի բարձր են, քան Բանկային ոլորտում, սակայն իրականում պատկերը մի փոքր այլ է։ Բանկային ոլորտում բարձր պաշտոնյաների աշխատավարձն այստեղ հաշվի առած չէ, այսինքն` գործ ունենք միջին և միջինից մի փոքր բարձր պաշտոնների հետ։
Աշխատավարձերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների և փորձի
Ամենապահանջված մասնագիտությունների և ՄՌԿ-ի համար
Մինչև 1 տարի/ինթերն | 1-2 տարի | 2-4 տարի | 4-6 տարի | 6-10 տարի | 10-15 տարի | |
Ծրագրավորում | 214,000 | 311,000 | 661,000 | 944,000 | 1,118,000 | 1,570,000 |
Վաճառք/Սպասարկում | 123,000 | 137,000 | 140,000 | 170,000 | 265,000 | 300,000 |
Մարքեթինգ/Գովազդ | 13,7000 | 170,000 | 350,000 | 430,000 | 585,000 | 864,000 |
Բանկային/Վարկային գործ | 156,000 | 189,000 | 283,000 | 351,000 | 437,000 | 480,000 |
Ադմինիստրատիվ/Օֆիսային | 108,000 | 128,000 | 167,000 | 108,000 | 238,000 | 255,000 |
Որակի կառավարում(QA) | 154000 | 318000 | 443000 | 606000 | – | |
Կրթություն/Գիտություն | 55,000 | 69,000 | 109,000 | 141,000 | 176,000 | 190,000 |
Հաշվապահություն/Հաշվետարություն | 107,000 | 126,000 | 190,000 | 205,000 | 319,000 | – |
Վեբ/Գրաֆիկ դիզայն | 141,000 | 188,000 | 376,000 | 666,000 | 865,000 | – |
Մարդկային Ռեսուրսների կառավարում | 148,000 | 202,000 | 240,000 | 298,000 | 527,000 | – |
Աշխատավարձերի առումով ունենք հետևյալ կանխատեսումները՝ ՏՏ ոլորտում կշարունակվի դինամիկ աճը, կախված ՀՀ՝ նոր ՏՏ ընկերությունների մուտքով բարձրացումը կարող է տատանվել 10-22% միջակայքում, աշխատավարձի բարձրացում կդիտվի Վաճառքի այն մասնագետների մոտ, որոնք հիմնականում աշխատում են տեխնոլոգիական ոլորտում։ 5-8,5% աճ կդիտվի նաև Մարքեթինգի ոլորտում։ Ըստ մեր կանխատեսումների ավելի տրադիցիոն ոլորտներում, ինչպիսիք են Ֆինանսաբանկային, Արտադրություն, Խորհրդատվություն և այլն, 2020-ին աշխատավարձերի էական փոփոխություն չի արձանագրվի։
Աշխատաշուկայի թվայնացման մակարդակը ՀՀ-ում դեռ զարգացման սկզբնական փուլերում էն, մասնավորապես, անհատների և գործատուների կողմից համապատասխանաբար աշխատանք և աշխատակից փնտրելու առկա գործիքները օգտագործվում են ոչ լիարժեք։
Շատ ընկերություններում առկա է թղթային տարբերակով ինքնակենսագրականների, կամ լավագույն դեպքում, էլ․ փոստի միջոցով աշխատանքի դիմումներ ընդունելու արմատացած մշակույթը։
Թվային հարթակներում առկա բոլոր աշխատանքի հայտարարությունների ընդամենը 7․5%-ն է բաժին ընկնում մարզերին, այն էլ հիմնականում մասնաճյուղերի մեծ ցանց ունեցող և Երևանում գլխամաս ունեցող ընկերություններին։
Պետ․ ոլորտն աստիճանաբար անցում է կատարում թվային լուծումների, մասնավորապես 2019թ․-ի ընթացքում staff.am-ի միջոցով իրենց թափուր աշխատատեղերի մասին հայտարարել են ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարությունները, ՀՀ Վարչապետի ապարատը, ՀՀ Ազգային Ժողովը և այլ կառույցներ։ Հույս ենք հայտնում, որ պետական ոլորտում հավաքագրման թվայնացման գործընթացը կզարգանա և կկատարվի փոփոխություն նաև օրենսդրական մակարդակում։ Թվայնացման գործում մեծ դեր ունի իրազեկումը, որի մի մասն էլ կազմում է staff․am-ի կողմից կատարվող ամենամյա ՀՀ աշխատաշուկայի վերլուծությունը։