Դեղձի բերքատվությունից գյուղացիներն այս տարի  գոհ են, ասում են  հատկապես «Ուսպեխ» տեսակի դեղձի բերքը շատ առատ է, կրկնակի ավելին, քան անցյալ տարի էր։ Այս տեսակը հիմնականում արտահանվում էր, առավել արդյունավետ սորտ է դիտարկվում նաև չրարտադրողների համար։ Ջրային մասսան քիչ է և ձեռնատու է չրի արտադրության մեջ, ասում է մյասնիկյանցի Կարենը, ով մեկ հեկտար դեղձի այգի ունի, որի 80  տոկոսը հենց այս տեսակն է զբաղեցնում։ Մասսայական բերքահավաքը դեռ չի սկսվել, բայց գները օրեցօր  նվազում են։ Դեղձը անմիջապես հողամասից այս պահին մեկ կիլոգրամը վաճառվում է 200-300 դրամով։ Մեկ շաբաթից կսկսվի համատարած բերքահավաքը, արտահանողները դեռևս չեն եկել գյուղ, գյուղացիների հետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերել, ինչպես անում էին նախորդ տարիներին։ Չրարտադրողները երկմտանքի մեջ են, չգիտեն՝ մթերե՞լ, թե՞ ոչ։ Առայժմ չեն շտապում հետաքրքրվել ապրանքով։ Այն դեպքում, երբ նախորդ տարիներին անձամբ էին մոտենում և առաջարկում բերքը իրենց վաճառել։ Հացիկցիները ևս աառատ բերք են գրանցել, ինչպե՞ս կընթանա իրացման գործընթացը, գյուղացիները չգիտեն, բայց արդեն մտահոգված են, ասում է հացիկցի Տիգրանը, ով այսօրվանից սկսել է մանրածախ վաճառքը։