Արսեն Թորոսյանն առաջարկում է թոշակների անկանխիկ կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը շարունակել ևս մեկ տարի։ «Գործող որոշումով 2026թ․ դեկտեմբերի 31-ին լրանում է ժամկետը և մենք առաջարկում ենք երկարացնել միջոցառումը մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը։ Հիշեցնեմ, որ այս պահի դրությամբ տրվում է հետվճար վճարվող կենսաթոշակների և նպաստների գումարի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 10 հազար դրամը։ Ցանկանում եմ որոշակի վիճակագրություն ներկայացնել։ 2026թ․ նոյեմբեր ամսում ունեցել ենք այս ծրագրից օգտվող 578331 հազար շահառու և հետվճարի միջին չափը կազմել է 8200 դրամ։ Եթե համեմատենք տարվա սկզբի թվերի հետ, ապա տարեսկզբին ունեցել ենք 415 հազար շահառու և միջին չափը հետվճարի եղել է 6900 դրամ, այսինքն կտրուկ աճ ունենք այս տարվա ընթացքում։ Խոսքը 150 հազարից ավելի քաղաքացիների է վերաբերում, և այդ պրոցեսը շարունակվում է»,- ասաց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում: