Նոյեմբերի 6-ին «ԱԼՏ» հեռուստախմբագրությունը «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերությունից հերքման պահանջ է ստացել՝ խմբագրության հրապարակած՝ «Թղթի վրա հաստատված, իրականում՝ խնդրահարույց» վերլուծական հոդվածում տեղ գտած փաստերի վերաբերյալ։
Հոդվածը կառուցված է բաց աղբյուրներում առկա փաստաթղթերի բազմակողմանի ուսումնասիրությունների և ՀՀ գործող իրավական նորմերի ու չափանիշների հիման վրա։
Ըստ կառուցապատողի՝ (մեջբերում)
1. Շենքերի միջև հեռավորությունների վերաբերյալ քաղաքաշինական նորմերի սխալ մեկնաբանությունը
Հոդվածում պնդվում է, թե ՀՀՇՆ 30.01.2023 նորմերի 126-րդ կետի համաձայն՝ կառուցվող շենքի հեռավորությունը հարևան հողամասերից պետք է լինի առնվազն 20 մետր, իսկ նախագծով նախատեսված 12 մետրը հանդիսանում է այդ պահանջի խախտում։
Նշված պնդումը չի բխում վկայակոչված նորմի բովանդակությունից։
ՀՀՇՆ 30.01.2023-ի 126-րդ կետը կարգավորում է շենքերի երկար կողմերի միջև կենցաղային խզումների, ինչպես նաև բազմաբնակարան և հասարակական շենքերի երկար կողմերի ու բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև նվազագույն հեռավորությունների հարցը։
Մասնավորապես, նույն կետով սահմանված են տարբեր հարկայնության շենքերի համար տարբեր պահանջներ, այդ թվում՝ բազմաբնակարան և հասարակական շենքերի երկար կողմերի ու բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև առնվազն 10 մետր հեռավորություն։
Հետևաբար, նշված դրույթը հարևան հողամասերի սահմաններից կառուցվող շենքի հեռավորության վերաբերյալ ընդհանուր 20 մետրանոց պահանջ չի սահմանում։ Հոդվածում տարբեր իրավական իրավիճակների համար նախատեսված չափանիշների նույնացումը և դրանց ներկայացումը որպես հարևան հողամասերի սահմաններից պարտադիր հեռավորություն իրավական նորմի ոչ ճշգրիտ մեկնաբանություն է։
Ուստի միայն նշված կետին հղում կատարելով՝ նախագծով նախատեսված հեռավորությունը գործող նորմերի խախտում որակելը հիմնավորված չէ։
«ԱԼՏ» հեռուստախմբագրության հիմնավորումը
ՀՀՇՆ 30.01.2023 նորմերի 126-րդ կետի համաձայն՝ տրված են նվազագույն հեռավորությունները։
1. 2-3 հարկանի շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունը՝ 15 մետր,
2. 4 հարկանի շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունը՝ 20 մետրից ոչ պակաս,
3. բազմաբնակարան և հասարակական շենքերի երկար կողմերի և բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև հեռավորությունը՝ 10 մետրից ոչ պակաս։
Կառուցապատողը համարում է, որ իրենց նախագիծը համահունչ է երրորդ կետի պահանջներին, սակայն իրականության մեջ հեռավորությունների խախտման հատվածներում հասարակական շենք գոյություն չունի և երրորդ կետը չի կարող տարածվել բազմաֆունկցիոնալ համալիրի վրա։
126 կետն ունի նաև շարունակություն, որը վերաբերում է բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) շենքերի և հասարարական ու արտադրական շենքերի միջև հեռավորությունները պետք է հիմնավորված լինեն նախագծային լուծումներով՝ ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքի։ 2025թ․ մայիսի 6-ին Արմավիր համայնքի կողմից տրվել է NՆԹ-3002-25 ճարտարապետահատակագծային առաջադրանք, որի 9․2 կետը ավելի է հստակեցնում հեռավորությունը հարևան հողակտորներից և օբյեկտներից, այն է՝ 15մ, 26մ, 16․1մ։ Ճարտարապետահատակագծային առաջադրանքը հիմնական փաստաթուղթն է, որի հիմքով պետք է պատրաստվի նախագիծը։ Կառուցապատողի նախագծով կա դրվագ, երբ սույն հեռավորությունը կազմում է 12մ։
2. Կառուցապատման խտության գործակցի վերաբերյալ պնդումները (մեջբերում)
Հոդվածում կառուցապատման խտության գործակցի վերաբերյալ ներկայացված մեկնաբանություններն ամբողջական չեն և հաշվի չեն առնում ՀՀՇՆ 30.01.2023-ի Աղյուսակ 8-ով նախատեսված կառուցապատման տարբեր տեսակների և գոտիների առանձնահատկությունները։
Մասնավորապես, 1.6 կառուցապատման խտության գործակիցը նախատեսված է 9 և ավելի հարկանի բազմաբնակարան բնակելի կառուցապատման վերակառուցվող թաղամասերի համար։ Հետևաբար այդ ցուցանիշը չի կարող ինքնաբերաբար կիրառվել նոր կառուցվող բնակելի թաղամասի նկատմամբ՝ առանց դրա կիրառելիության համապատասխան իրավական հիմքը պարզելու։
Նախագծի համապատասխանությունը պետք է գնահատվի տվյալ հողամասի քաղաքաշինական կարգավիճակի, հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի և նախագծի նկատմամբ կիրառելի նորմատիվ պահանջների ամբողջության հիման վրա։
«ԱԼՏ» հեռուստախմբագրության հիմնավորումը
Տարօրինակ է, որ կառուցապատողը նշում է, որ մեր կողմից բերված տվյալները սխալ են, սակայն չի նշում, թե իրենք ինչ իրավական նորմերով են առաջնորդվել։
Հարկ է նշել, որ կառուցապատվող տարածքը նախկինում եղել է «Ռելեի գործարան», որն ապամոնտաժվել է, և այսօր նույն տեղում՝ 1,02 հա տարածքում, կառուցվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր, որը հեռու է թաղամաս կոչվելուց: Թաղամասի նկատմամբ պայմաններն այլ են՝ գումարած ենթակառուցվածքները։ Թաղամասի նվազագույն մակերեսը 3-5 հեկտար է։
ՀՀՇՆ 30.01.2023-ի Աղյուսակ 8-ի 3-րդ կետով կառուցապատման խտության գործակիցը կազմում է 1․6, որն ամենամեծ գործակիցն է բնակելի կառույցների համար։ Արմավիրի համայնքապետարանը, հաշվի առնելով ընդհանուր հողամասի մակերեսը, ճարտարապետահատակագծային առաջադրանքի 9․4 կետով կառուցապատման խտության գործակից է սահմանել 0․579, որն իմպերատիվ պահանջ է համալիրի նախագիծ պատրաստելու համար։ Մինչդեռ այս նախագծով կառուցապատման խտության գործակիցը 5․768 է, որը 10 անգամ մեծ է NՆԹ-3002-25 ճարտարապետահատակագծային առաջադրանքով ձեզ տրված գործակցից։
Կարծում ենք, կառուցապատման խտության գործակցի մասով Ձեզ ներկայացրեցինք սպառիչ պատասխան։
3. Հանրային լսումների եւ հանրության իրազեկման վերաբերյալ (մեջբերում)
Հրապարակման մեջ կասկածի տակ են դրվում նախագծի վերաբերյալ հանրային լսումների կազմակերպման և հանրության իրազեկման գործընթացները։
Հարկ ենք համարում նշել, որ հանրային լսումները կազմակերպվել են Արմավիրի համայնքապետարանի կողմից՝ օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում։ Դրանց անցկացման և նախնական ծանուցումների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ համապատասխան հայտարարություններով և ժամանակագրությամբ։
Նախագիծն անցել է հանրային քննարկումների նախատեսված փուլերը, որից հետո համայնքի ավագանին տրամադրել է նախագծի վերաբերյալ պաշտոնական նախնական համաձայնություն։
Հետևաբար, հանրային լսումների բացակայության կամ գործընթացի ամբողջական անտեսման մասին պնդումները չեն արտացոլում առկա պաշտոնական փաստաթղթերը։
«ԱԼՏ» հեռուստախմբագրության հիմնավորում
Հանրային լսումների վերաբերյալ բոլոր նյութերը պահպանվում են, և կարելի էր մեզ մեղադրանքներ ներկայացնել՝ հղումները տեղադրելով։
- Անհայտ է՝ ե՞րբ է տեղի ունեցել ՇՄԱԳ առաջին հանրային լսումը։ Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայքում այդ մասին գրառումներ չկան ինչպես «Հայտարարություններ» բաժնում, այնպես էլ՝ «Հանրային լսումներ» բաժնում։
- ՇՄԱԳ երկրորդ հանրային լսման վերաբերյալ Արմավիր համայնքապետարանի կայքի «Հայտարարություններ» բաժնում 2025թ․ սեպտեմբերի 10-ին տեղադրվել է հայտարարություն, որ 2025թ․ սեպտեմբերի 22-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային լսումը։ Հայտարարության մեջ նշվում է՝ փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Արմավիրի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: www.armavircity.am կայքում փաստաթղթերը բացակայում են։ ՇՄԱԳ երկրորդ հանրային լսման վերաբերյալ համայնքապետարանի կայքում այլ գրառումներ չկան։ Չկան արձանագրություններ և տեսագրություններ։
- Առաջին հանրային լսում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ, ըստ Արմավիրի համայնքապետարանի գրառումների, կայացել է 2025թ․ հունիսի 17-ին, որի վերաբերյալ Արմավիր համայնքապետարանի պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնում հայտարարություն չկա։ Գտնվել է միայն նիստի արձանագրությունը։ Չկան լուսանկարներ և տեսագրություն։
- 15․01․2026թ․ ՇՄԱԳ առաջին հանրային լսում միջոցառման վերաբերյալ հայտարարությունը www.armavircity.am համայնքապետարանի կայքում տեղադրվել է 2025թ․ դեկտեմբերի 17-ին, իսկ հայտարարության վերջում նշվել է, որ փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով xxxxxxxxxxxx հեռախոսահամարով։
- 2026թ․ հունվարի 22-ին Արմավիր համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանին 16 կողմ ձայնով տվել է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախնական համաձայնություն։ Երկրորդ կետով համայնքի ղեկավարին առաջարկել է սույն որոշումը՝ հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները, կամ տեսագրությունը օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
Ավագանու կայանալիք նիստի վերաբերյալ www.armavircity.am կայքում հայտարարություն չկա ինչպես լրահոսում, այնպես էլ՝ «Հայտարարություններ» բաժնում։
- ՇՄԱԳ երկրորդ հանրային լսում․ 2026թ․ մարտի 11-ին Արմավիր համայնքի պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն ՇՄԱԳ երկրորդ հանրային լսման վերաբերյալ, որը կայանալու է 2026թ․ փետրվարի 26-ին։ Հայտարարության վերջում տեղադրվել են համապատասխան փաստաթղթեր։ Միակ հայտարարությունն էր, որտեղ հանրությունը կարող էր ծանոթանալ քննարկվող հարցի փաստաթղթերին և գիտակցված մասնակցություն ցուցաբերեր հանրային լսմանը։ Ցավոք, փետրվարի 26-ն այլևս անցյալ էր։
2025թ․ հուլիսի 17-ի և 2026թ․ հունվարի 15-ի հանրային լսումների ընթացքում «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերության տնօրենը ներկայացրել էր բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցման նախագիծը։ Արձանագրող Ն․Խաչատրյանն արձանագրում էր քննարկման ընթացքը, և արձանագրվեց, որ 4 մասնաշենքերից 3-ը՝ Ա, Գ, Դ, 16 հարկ են ունենալու, իսկ Բ մասնաշենքը՝ 1 հարկ։
Ինչպե՞ս ստացվեց, որ 2026թ․ հունվարի 15-ի հանրային լսման արձանագրությունը թվագրվեց 19․01․2026թ։
Արձանագրություններն իրավական ակտեր են և դրանց վրա տարածվում է Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքը և այդ արձանագրությունները պետք է ընկալել տառացի մեկնաբանությամբ։ Համաձայն Իրավական ակտերի մասին օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ բաժնի՝ «Այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ իրավաստեղծ մարմնի` վերջնական խմբագրությամբ ընդունած իրավական ակտում, բացառությամբ ուղղագրական կամ կետադրական սխալների ուղղման»:
4. Բակային տարածքի, կանաչապատման եւ կայանատեղիների վերաբերյալ (մեջբերում)
Հոդվածում համալիրի բնակիչների հնարավոր թվի, բակային տարածքի անբավարարության և կայանատեղիների խնդրի վերաբերյալ ներկայացված մտահոգությունները հիմնականում հիմնված են ենթադրությունների, այլ ոչ թե հաստատված նախագծային ցուցանիշների վրա։
Մասնավորապես, համալիրի ընդհանուր հողատարածքը կազմում է 10,201 քմ, որից շենքերի կառուցապատման մակերեսը՝ 3,747.5 քմ կամ 36.74%, անջրանցիկ մակերեսները՝ 2,206 քմ, իսկ կանաչապատման համար նախատեսված տարածքը՝ 4,246.8 քմ կամ շուրջ 41.6%։
Այս ցուցանիշները ներկայացնում են հողատարածքի գործառնական բաշխումը և հերքում են այն տպավորությունը, թե նախագծով բակային և կանաչապատ տարածքների կազմակերպման հարցը մնացել է առանց լուծման։
Հոդվածում ներկայացված 500-600 անչափահաս երեխաների հաշվարկը ևս հիմնված է ենթադրությունների վրա և չի կարող դիտարկվել որպես համալիրի բնակչության իրական թվի կամ բակային տարածքի ծանրաբեռնվածության հաստատված ցուցանիշ։
Ավտոկայանատեղիների մասով նախագծով նախատեսված է երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 292 ավտոմեքենայի համար, ինչպես նաև վերգետնյա կայանատեղիներ։ Հետևաբար դրանց բավարար լինելու վերաբերյալ գնահատականը պետք է հիմնվի նախագծային փաստաթղթերի, նախատեսված ընդհանուր տարողունակության և կիրառելի քաղաքաշինական պահանջների համադրման վրա, այլ ոչ ենթադրությունների։
Համալիրի բակային տարածքի, կանաչապատման և կայանատեղիների վերաբերյալ ամբողջական գնահատականը հնարավոր է միայն հաստատված գլխավոր հատակագծի և նախագծային լուծումների ուսումնասիրության արդյունքում։
«ԱԼՏ» հեռուստախմբագրություն հիմնավորում
Այս մասով կառուցապատողը պետք է ունենար հաշվարկներ մինչև նախագիծ պատրաստելը և այդ հաշվարկներին համահունչ կպատրաստվեր նախագիծ։
2022թ․ մարդահամարի տվյալներով, Հայաստանում առկա է 857554 ընտանիք։ 2026թ․ օգոստոսին ՀՀ ՆԳՆ կողմից Հանրային ռադիոյի «Ռադիոլուրին» տրամադրած տվյալներով, հանրապետությունում գրանցված է 1,9 միլիոն ավտոմեքենա։ Յուրաքանչյուր ընտանիքի բաժին է հասնում 2,2 ավտոմեքենա։ Հանրապետության միջին հաշվարկով, Ձեր կողմից կառուցվող թաղամասում բնակիչների ավտոմեքենաների թիվը կանցնի հազարը։ Այս ամենին գումարվում են համալիրի առաջին հարկում նախատեսված առևտրային և հասարակական տարածքների աշխատողների և հաճախորդների ավտոմեքենաները։
Մենք ընդամենն արձանագրել ենք, որ նկուղային ավտոկայանատեղին չի կարող բավարարել բնակիչների ավտոմեքենաների կայանմանը։ Շենքի բակային հատվածում գոյություն ունեցող ճանապարհները բավարար չեն բոլոր ավտոմեքենաների համար։
Արմավիրի մարզում 2022 թվականի մարդահամարի տվյալներով անչափահասների թիվը կազմում է 52 հազար։ Տնտեսությունների թիվը առանց միայնակ թոշակառուների կազմում է 47 հազար, միջին հաշվարկով յուրաքանչյուր ընտանիքում մեկից ավել անչափահաս կա։ Գլխավոր հատակագծում նախատեսված չէ խաղահրապարակ։
5. Պետական փորձաքննությունների եւ նախագծի իրավական հիմքերի վերաբերյալ (մեջբերում)
Առանձնահատուկ կարևորություն ունի այն հանգամանքը, որ «Ալվինա բնակելի համալիրի» նախագիծն անցել է համապատասխան քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն։
Բացի այդ, նախագիծը ստացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական դրական եզրակացություն։Նախագծի վերաբերյալ առկա են նաև համապատասխան շահագրգիռ պետական և համայնքային մարմինների դիրքորոշումներն ու համաձայնությունները։Այս փաստաթղթերը վկայում են, որ նախագիծը ներկայացվել և ուսումնասիրվել է իրավասու մարմինների կողմից՝ իրենց իրավասության շրջանակներում, և անցել է օրենքով նախատեսված համապատասխան ընթացակարգերը։Հետևաբար, նախագծի օրինականության կամ համապատասխան ընթացակարգերի բացակայության մասին ընդհանրական պնդումները չեն կարող ներկայացվել որպես հաստատված փաստ՝ առանց համապատասխան փաստաթղթային հիմնավորումների։
«ԱԼՏ» հեռուստախմբագրության հիմնավորումը
Ձեր կողմից կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի Ա, Գ, Դ մասնաշենքերը, համաձայն 2025թ․ հունիսի 17-ի և 2026թ․ հունվարի 15-ի հանրային լսումների արձանագրությունների, ունեն 16 հարկայնություն, իսկ Բ մասնաշենքը՝ 1 հարկայնություն։ Երկու հանրային լսումներին նախագիծը ներկայացրել է «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերության ղեկավարը։
Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի 2026թ․ հուլիսի 10-ի թիվ 206 եզրակացության մեջ Բ մասնաշենքը 15 հարկանի է նշվում։ Վերը նշված հանձնաժողովն օբյեկտի տվյալները և ցուցանիշները բաժնի երկրորդ կետում հիշեցնում է N ՆԹ-3002-25 ճարտարապետանախագծային առաջադրանքի մասին, որի պահանջները չեն կատարվել «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերության կողմից։
Մենք իրավունք չունենք կասկածի տակ դնել հանձնաժողովի կամ շահագրգիռ կառույցների եզրակացություններն ու գնահատականները։ Մենք ընդամենը, ուսումնասիրելով իրավական ակտերը և իրավական նորմատիվ ակտերը, արձանագրում ենք փաստերը։ Մեր կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը կտեղադրվեն առանձին ինտերակտիվ հարթակում և անհրաժեշտության դեպքում կարող եք ծանոթանալ դրանց պարունակության հետ։
***
Հաշվի առնելով վերոհիշյալ հիմնավորումները՝ պաշտոնապես մերժում ենք հերքման պահանջը՝ համարելով այն ոչ իրավասու։ Եթե համարում եք, որ մեր հիմնավորումները բավարար չեն և քննարկման ենթակա են, կարող եք դիմել նաեւ «ԱԼՏ» հեռուստախմբագրության մեդիա օմբուդսման Դավիթ Ալավերդյանին՝ (+374) 55403420 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
«ԱԼՏ» հեռուստախմբագրության ղեկավարություն
10․11․2026թ․
Հ․Գ․ Կից ներկայացնում ենք նյութում օգտագործված փաստաթղթերը․
1․ Ճարտարապետահատակագծային առաջադրանք
2․ 10․09․2025 ՇՄԱԳ հայտարարություն
3․ 17․06․2025 առաջին հանրային լսում արձանագրություն
4․ 15․01․2026 Հայտարարություն հանրային լսում
5․ 22․01․2026 Ավագանու նիստ արձանագրություն
6․ 11․03․2026 Հայտարարություն Ժամկետների խախտումով