ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով, այս տարի ՀՀ-ում ամբողջությամբ լուծվել է խաղողի մթերման խնդիրը։ Էկոնոմիկայի նախարարը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց 2026թ․ խաղողի մթերման գործընթացի աջակցության նախագիծը և առաջարկեց հաստատել այն։ 

Պապոյանի խոսքով, – «Նախագծի ֆինանսավորման հարցն է այստեղ լուծվում, և այն ընկերությունները, որոնք մթերում են իրականացրել, իրենց համաֆինանսավորում պետք է  տրամադրել։ Ինչի՞ համար է այս նախագիծն ընդունվում։ Վերջին տարիներին Հայաստանում մի միտում կա, որը նաև համաշխարհային միտում է և առհասարակ աշխարհում այդպես էլ անում են։ Գինի արտադրողները գինու արտադրությունը հիմնականում ձգտում են կազմակերպել իրենց սեփական այգիների խաղողի հաշվին, որպեսզի կարողանան հետագծելիություն ապահովել, որպեսզի կարողանան վերահսկեն ի՞նչ խաղող են ստանում, դրանից ի՞նչ գինի են ստանում։ Սա լուծում է խնդիրներ հայկական գինու որակի մրցունակության համար։ Սա, իհարկե, միևնույն ժամանակ  խնդիրներ է առաջացնում այն քաղաքացիների համար, ովքեր խաղողագործությամբ են զբաղվում և իրենց բիզնես մոդելը եղել է խաղող արտադրելն ու հանձնելը գինու գործարաններին։ Այստեղ ունենում ենք հետևյալ խնդիրը․ օրինակ, այս տարի մոտավորապես 5400 տոննա Արենի տեսակի խաղող ենք ունեցել և փաստացի 2900 տոննան եղել է հենց այդ ընկերություններինը, այսինքն ընկերությունն ունի գործարան և ենթադրենք 500 հեկտար խաղողի այգի։ Արդյունքում, մոտավորապես 2500 տոննայի իրացման խնդիր առաջացավ։ Նման իրավիճակում կա փաստացի երկու լուծում։ Կամ չէր մթերվելու այդ խաղողը, կամ մենք պետք է օգնեինք, որպեսզի մթերվեր։ Ի՞նչն է խնդիրը։ Արենին տեխնիկական սորտ չէ, դրանից սպիրտ չեն ստանում, նախատեսված է բարձրորակ գինի ստանալու համար և տնտեսապես  նպատակահարմար չէ սպիրտի համար գնել։ Մենք 70 դրամ աջակցություն հատկացրեցինք այն արտադրողներին, ովքեր պատրաստ էին տեխնիկական՝ սպիրտի արտադրության նպատակով գնել այդ խաղողը։ 2487 տոննա խաղողի մթերում է տեղի ունեցել և դրա դիմաց տրվել է 70 դրամ փոխհատուցում մեկ կիլոգրամի համար՝ այն տրամաբանությամբ, որ Արենի տեսակի խաղողի գինն ավելի թանկ է՝ 200-250 դրամ, իսկ տեխնիկականի գինը տատանվում էր 135-150-ի սահմաններում։ Չաջակցելու դեպքում կարող էինք կորցնել այդ այգիները, իսկ Արենին էնդեմիկ սորտ է այդ տարածքի համար և արժեք է ներկայացնում, ուստի կարիք կար, որպեսզի պահպանեինք այդ այգիները։ Այսպիսով, նախատեսել էինք շուրջ 173 մլն դրամ աջակցություն և փաստացի մի ամբողջ տարածաշրջանի բնակչության խնդիրը լուծեցինք։ Միևնույն ժամանակ, պահպանելով այգիները՝ լուծեցինք նաև այգիների խնդիրը»։  

Կառավարության նիստը վարող՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ խաղողի մթերման և խաղողի արտադրությանը խթանող ի՞նչ ծրագրեր են գործում, օրինակ, սպիրտի աջակցության ծրագիր կա, մինչև ե՞րբ է գործելու այդ ծրագիրը։  

«Այդ ծրագիրն ընդունվում է յուրաքանչյուր տարվա համար։ Օրինակ, այս տարվա համար 600 մլն դրամի գումար է նախատեսված, իսկ հաջորդ տարվա համար կկայացվի առանձին որոշում։ Միևնույն ժամանակ, ունենք աջակցության ծրագիր, որով, եթե մինչև օգոստոսի 1-ը մթերող կազմակերպությունը պայմանագիր է կնքում խաղող արտադրողի հետ, պետությունն արտոնյալ պայմաններով վարկավորում է տրամադրում։ Հիմա այդ ծրագիրը գործում է։ Ծրագրերը բազմազան են, և բոլոր ծրագրերը գործում են։ Նվազագույնը վերջին երեք տարիներին, երբ մթերման սեզոնին ես եմ եղել նախարարը, կարող եմ ասել, որ մեկ կիլոգրամ խաղող ոչ մի տեղ չի մնացել դաշտում»։ 

Լավ կլինի, եթե արտադրանքն էլ չմնա գործարանում, – ասաց փոխվարչապետը։

Մենք մթերման սեզոն մտանք դատարկ տակառներով։ Այսինքն, մինչև մթերման սեզոնը, նախորդ տարիների արտադրանքը կարողացել էինք արտահանել, վաճառել և հիմա Ձեր հարցը շատ ակտուալ է, որովհետև այդ տակառներն ամբողջությամբ լցված են և պետք է մինչև հաջորդ տարվա մթերման սեզոնի սկիզբը դրանց մեծ մասը կամ վաճառել կամ խմել, – կատակեց Պապոյանը։