«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժումը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի համակարգմամբ, մեկնարկել է «Հանրային ձայնի երաշխիք» արշավը՝ Հայաստանում հանրային մասնակցության պաշտպանության՝ հակա-SLAPP օրենսդրության մշակման և ընդունման պահանջով։

Հոկտեմբերի 22-ին Երևանում կազմակերպված հանրային ակցիայի և երթի ընթացքում  էկոակտիվիստական շարժումը հրապարակել է  հայտարարություն-պահանջ: Դրանով բարձրաձայնվում է հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի (SLAPP) խնդիրը, երբ դատական գործընթացները կարող են օգտագործվել բնապահպանների, լրագրողների, ակտիվիստների և հանրային շահի համար հանդես եկող քաղաքացիների գործունեությունը սահմանափակելու ու նրանց լռեցնելու նպատակով։

Հայտարարությամբ ՀՀ կառավարությունից և Արդարադատության նախարարությունից պահանջվում է՝

  1. Նախաձեռնել հակա-SLAPP օրենսդրության մշակման և ընդունման գործընթաց
  2. Հրապարակել գործընթացի հստակ ժամանակացույց
  3. Ապահովել քաղաքացիական հասարակության, փորձագետների և տուժած քաղաքացիների մասնակցությունը օրենսդրության մշակմանը։

Միաժամանակ մեկնարկել է հանրագրին միանալու ստորագրահավաք։
Էկոակտիվիստական շարժումը առաջիկա օրերին կլինի COP17-ի կանաչ գոտուն կից բացօթյա տարածքում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարևանությամբ, որտեղ կարող են ցանկացողները միանալ հանրագրին, մասնակցել ստորագրահավաքին: Տեղեկացնենք նաև, որ ստորագրահավաքը զուգահեռ ընթանալու է նաև առցանց ձևաչափով:

Հանրագրին միանալու հղումը՝ https://forms.gle/Da1VQRqnbeKqzg4QA 

Հավաքված ստորագրությունները ևս կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարություն՝ որպես հանրային պահանջ։

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման հայտարարություն-պահանջը ՀՀ կառավարությանը և Արդարադատության նախարարությանը

Մեր համայնքների բարեկեցությունը մեծապես կախված է այն հոգատար և պատասխանատու քաղաքացիներից, որոնք նկատում և բարձրաձայնում են հանրային խնդիրները։ Լինի դա աղտոտված օդը, վտանգված ջրային ռեսուրսները, ապօրինի շինարարությունը, թե կոռուպցիան՝ ակտիվ քաղաքացիների մասնակցությունն օգնում է պաշտպանել հանրային շահը և հաշվետու պահել իշխանություն ունեցողներին։

Սակայն այսօր Հայաստանում այդ մասնակցությունը լիարժեք պաշտպանված չէ։

Որոշ ազդեցիկ ընկերություններ և պաշտոնյաներ դատական հայցերն օգտագործում են ակտիվիստների, բնապահպանների, լրագրողների և հանրային շահի համար պայքարող քաղաքացիների գործունեությունը սահմանափակելու նպատակով։ Դրանք հայտնի են որպես հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր՝ SLAPP։

Այդ լռեցման հայցերի թիրախ դարձած քաղաքացիները հայտնվում են տարիներ տևող, ծախսատար և հյուծող դատական գործընթացներում։ Դրանք զսպող ազդեցություն են ունենում նաև մյուս քաղաքացիների վրա, որոնք կարող են խուսափել հանրային խնդիրների մասին բարձրաձայնելուց։ Արդյունքում թուլանում է հանրային վերահսկողությունը և տեղական ժողովրդավարությունը, իսկ մեր համայնքները կորցնում են իրենց ակտիվ քաղաքացիների ներուժը։

Հանրային շահի համար պայքարող քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն դատական գործընթացների չարաշահումից։

Դրա համար անհրաժեշտ է հակա-SLAPP օրենսդրություն, որը թույլ կտա վաղ փուլում դադարեցնել չարաշահող դատական գործընթացները, նվազեցնել քաղաքացիների վրա դրվող անհամաչափ ֆինանսական բեռը և ապահովել նրանց իրավունքների պաշտպանության գործուն երաշխիքներ։

Հայաստանում այս խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնել են տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու փորձագետները։ Առկա են հետազոտություններ, փաստագրված դեպքեր և արդեն մշակված օրենսդրական առաջարկություններ։

2026 թվականի հուլիսի 27-ին «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժումը կոչ էր արել ՀՀ կառավարությանը մինչև COP17-ը նախաձեռնել հակա-SLAPP օրենսդրության մշակման գործընթաց։ Սակայն մինչ օրս գործուն քայլեր չեն ձեռնարկվել ընթացող քննարկումները հստակ քայլերով և ժամկետներով հրապարակային գործընթացի վերածելու ուղղությամբ։

Այսօր, երբ  Հայաստանի Հանրապետությունը բարձր ամբիոններից հայտարարում է իր եվրաինտեգրման վճռականության մասին, հնարավորություն կա նաև օրենսդրական բարեփոխումները համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի՝ SLAPP-ների դեմ պայքարի CM/Rec(2024)2 հանձնարարականին և Եվրոպական միության համապատասխան իրավական չափանիշներին՝ ապահովելով դրանց արդյունավետ կիրառումը նաև ներպետական դատական գործընթացներում։

Ուստի պահանջում ենք ՀՀ կառավարությունից և Արդարադատության նախարարությունից՝

  1. Նախաձեռնել հակա-SLAPP օրենսդրության մշակման և ընդունման գործընթացը՝ հիմնվելով առկա առաջարկությունների և միջազգային չափանիշների վրա։
  2. Հրապարակել բարեփոխման հստակ ժամանակացույցը՝ սահմանելով պատասխանատու մարմիններն ու առաջիկա քայլերը։
  3. Ապահովել քաղաքացիական հասարակության, իրավական փորձագետների, համայնքային ակտիվիստների և դատական գործընթացներից տուժած անձանց իրական մասնակցությունը օրենսդրության մշակմանը։

Մենք կանգնած ենք այն համարձակ և հոգատար քաղաքացիների կողքին, որոնք բարձրաձայնում են հանրային խնդիրները և նպաստում մեր երկրի զարգացմանը։

Հանրային մասնակցությունը պետք է լինի պաշտպանված և գնահատված։

«Կանաչ խորհուրդների դաշնություն»
22.10.2026 թ.