COP17-ի շրջանակում տեղի է ունեցել «Հաշտություն բնության հետ. բնապահպանական վեճեր՝ կանխարգելումից մինչև լուծում» խորագրով միջազգային միջոցառումը՝ նվիրված կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտում վեճերի կանխարգելմանն ու արդյունավետ լուծմանը։
Միջոցառման բացման խոսքով հանդես են եկել արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։
Քննարկումների ընթացքում միջազգային և տեղական փորձագետները ներկայացրել են բնապահպանական վեճերի կարգավորման միջազգային փորձն ու գործնական գործիքները՝ անդրադառնալով հաշտարարության, միջազգային արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել շահագրգիռ կողմերի միջև համագործակցության խթանմանը, տարբեր շահերի համադրմանը, գիտական և տեխնիկական փորձագիտական գիտելիքների կիրառմանը, ինչպես նաև ձեռք բերված համաձայնությունների երկարաժամկետ իրագործմանը։
Միջոցառման նպատակն էր խթանել համագործակցային և կայուն լուծումների կիրառումը՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանությանը, բնական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և կայուն զարգացմանը։



Միջոցառումը կազմակերպվել էր Ասիական զարգացման բանկի, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն