Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկությունը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ն։
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2026 թվականի նոյեմբերի 17-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:
Ընտրողներն իրենց ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի, իսկ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները նաև մատչելի ընտրական տեղամասերի վերաբերյալ տեղեկատվությունները կարող են ստանալ 2026 թվականի հոկտեմբերի 20-ից՝
- ընտրողների ցուցակներից, որոնք տեղադրված կլինեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համացանցային կայքում (mia.gov.am) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում (www.elections.am),
- տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկից, որը տեղադրված կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում,
- համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ընտրողների ռեգիստրից, որը որոնման հնարավորությամբ, տեղադրված կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել՝ 2026 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների 2026 թվականի նոյեմբերի 29-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական ընտրական հանձնաժողով