Հոկտեմբերի 25-ին հանրապետության 21 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ՝ 19 խոշորացված համայնքում՝ համամասնական և 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։ Արմավիրի մարզի երկու՝ Արաքս և Արմավիր համայնքներում ևս համամասնական ընտրակարգով ընտրություններ էին։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններին Արմավիր համայնքում մասնակցում էր մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Արաքսում երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Արդարություն» կուսակցությունների դաշինքը։
ԿԸՀ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Արմավիր համայնքում 37961 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 13942 քաղաքացի կամ ընտրողների 36,72 տոկոսը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 13395 կողմ, 479 դեմ։
Նախնական տվյալներով Արմավիր համայնքում 96.07 տոկոսով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Արաքս համայնքում 16685 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8727 քաղաքացի կամ ընտրողների 52,33 տոկոսը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին է քվեարկել 6257 ընտրող կամ քվեարկողների 71,95 տոկոսը։ «Արդարություն» դաշինքի օգտին քվեարկել է 2437 քաղաքացի կամ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 28.02 տոկոսը։