Արմավիրի մարզում տևական բաձր ջերմաստիճանը, որը վերջին օրերին գերազանցում է 40 աստիճանը, անհանգստացնում է գյուղացիական տնտեսություններին։ Այգետերերն ասում են՝ աննախադեպ շոգը նպաստում է հիվանդությունների զարգացմանը խաղողի և պտղատու այգիներում, վնասում բանջարաբոստանային մշակաբույսերը։ Խաղողի այգիների դեպքում, ինչպես այգեգործներն են ասում, հատկապես զարգանում են հետևյալ հիվանդությունները՝ իլդիունը, օիդիումը, մոխրագույն փտումը: «Այդ վնասատուների և հիվանդությունների դեմ ժամանակին պայքար չտանելու դեպքում վնասվում է բերքի շուրջ 80 տոկոսը, իսկ քանի որ շոգ պայմաններում նշված հիվանդություններն ավելի արագ են զարգանում, ստիպված ենք 2-3 անգամ հավելյալ բուժել խաղողի վազերը, ինչն էլ նշանակում է կրկնապատկել ծախսերը», – ասում են ալաշկերտցիները։ Պտղատու այգիների համար բարձր ջերմաստիճանը նպաստում է վնասատուների զարգացմանը։ Իսկ այգեվանցի Սամվել Պողոսյանի խոսքով, այս շրջանում ակտիվ աշխատում է «տիզ»-ը, որը վնասում է կեռասի, ծիրանի, սալորի, դեղձենու և այլ ծառատեսակների տերևները, ապա՝ ճյուղերը, որակազրկում և նվազեցնում բերքատվությունը։ «Բանջարաբոստանային կուլտուրաների դեպքում, բացի տարածված հիվանդությունները, նաև անհրաժեշտություն է առաջանում ավելի հաճախ ոռոգել ցանքատարածությունը, իսկ գյուղատնտեսական սեզոնի այս շրջանում ոռոգման ջուրը մատակարարվում է պարբերական դադարներով, օրինակ՝ 3 օր ջրամատակարարում, 3 օր դադար գրաֆիկով», – ասում են արգավանդցի հողագործները։
Մինչ գյուղացիական տնտեսությունները կպայքարեն շոգ եղանակի հետևանքով զարգացող կամ տարածվող վնասատուների և հիվանդությունների դեմ, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ մինչև օգոստոսի 9-ը ներառյալ ջերմաստիճանի որևէ փոփոխություն տեղի չի ունենա, Հայաստանը շարունակելու է գտնվել արևադարձային տաք օդային հոսանքի ալիքի ազդեցության գոտում: Նա նշել է, որ ամենաբարձր ջերմաստիճանները կրկին կգրանցվեն Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև +39…+41 աստիճանի: Չի բացառվում, որ առանձին տեղերում կգրանցվի մինչև +42 աստիճան տաքություն: Ըստ Սուրենյանի, ջերմաստիճանը կնվազի օգոստոսի երրորդ տասնօրյակում, երբ հանրապետություն ներթափանցեն հյուսիս-արևմտյան հոսանքներ։




