Արմավիրի մարզում ելակի բերքահավաքը նախորդ տարվա համեմատ 20 օր ուշ սկսվեց: Գյուղացիներն ասում են եղանակն այս տարի ելակի համար բարենպաստ չէր, ջերմոցային տնտեսությունները պահպանելու համար կրկնակի ծախս են կատարել, վաղ գարնանը քամիները վնասել են պոլիէթիլենային թաղանթներն ու ելակի չհասունացած պտուղները: Գյուղացիները ստիպված են եղել ցանքատարածությունները երկրորդ անգամ թաղանթապատել, իսկ բույսը՝ կրկնակի պարարտացնել:
Վահագը 1500 քմ տարածքում ելակ է մշակում, օրական մոտ 100 կգ ելակ է հավաքում: Ելակը վաճառում է 3 կգ-անոց տարաներով, մեկ տարան՝ 4-5 հազար դրամով:
Վահագի կարծիքով, ելակի մշակությամբ զբաղվելը ձեռնտու է, եթե եղանակը բարենպաստ է լինում: Այս տարի ելակի որակից ու բերքատվությունից գոհ է, եթե գնանկում չլինի, մեծ եկամուտ կապահովի: Տիկին Վարսենիկը մասամբ համաձայն է հարևանի հետ. որակը լավ է, բայց բերքը սակավ է, 3000 քմ հողատարածքից օրական հազիվ 8 տարա՝ 25 կգ ելակ է կարողանում հավաքել:
Տիկին Մանուշակը, արդեն 15 տարի է, ելակ է մշակում, ասում է չարչարանքը շատ է, նուրբ մշակաբույս է, մշտապես հետևել է պետք, հիվանդությունների նկատմամբ դիմացկուն չէ, որակյալ բերք ստանալու համար պետք է ժամանակին պարարտացնել: Եթե ամեն ինչ ճիշտ կատարես, ասում է եկամուտ կապահովես:
Արմավիրի մարզում ելակի մշակությամբ զբաղվում են Գեղակերտ, Առատաշեն և Արշալույս համայնքների գյուղացիական տնտեսությունները: Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով, ելակի ցանքատարածությունները տարեցտարի ավելանում են: Այս տարի շուրջ 300 հեկտար ելակի ցանքս է կատարվել: Բերքի իրացման խնդիր չի առաջացել:
Գյուղացիների խոսքով, միակ խնդիրը պարարտանյութի ձեռքբերումն է: Նախկինում, կառավարության ծրագրով, գյուղացիական տնտեսությունները մեկ պարկ ազոտական պարարտանյութը գնել են 6000 դրամով: Արդեն երկրորդ տարին է, պարարտանյութը ձեռք են բերում անհատներից՝ 8000 – 10000 դրամով: Կառավարության ծրագրում այլևս պարարտանյութի բաշխում չի նախատեսվում: Ելակի բերքահավաքը կշարունակվի մինչև հունիս- հուլիս ամիսները: Ամռան ամիսներին, ըստ գյուղացիների, ելակի գինը կրկնակի նվազում է: