Արմավիրի մարզի Արշալույս, Ակնալիճ, Ֆերիկ համայնքների բնակիչները բողոքի ակցիա անցկացրեցին «Էջմիածին» ՋՕ ընկերության բակում։ Գյուղացիները պնդում են, որ, ըստ տարածքների, 40-60 օր է, ոռոգման ջուր չկա։ Ի՞նչն է պատճառը, չգիտեն։ ՋՕ ընկերությունում մի քանի անգամ գյուղացիներին պատասխանել են, որ խնդիրը կկարգավորվի, բայց ջուրը գյուղացուն այդպես էլ չի հասել։ Տասնյակ հեկտարներով խաղողի այգիներ ու բանջարաբոստանային ցանքատարածություններ չորացել են, լոլիկը չիր է դարձել, խաղողը պտղալիցը չի կատարել։
Գյուղացիները պնդում են, որ ցանկության դեպքում հնարավոր կլիներ տարածքն ապահովել ոռոգման ջրով՝ խորքային հորերի շահագործման միջոցով։ Սայաթ Գևորգյանը, ով մեկուկես հեկտար խաղողի այգի ունի, պնդում է, որ արտեզյան հորն իր հողից մի քանի մետր է հեռու գտնվում, բայց չի աշխատում։
Գյուղացիները ՋՕԸ են եկել պայմանագրերով և ոռոգման ջրի դիմաց կատարած մասնակի և ամբողջական վճարումների կտրոններով։
Ֆերիկի գյուղապետը գյուղացիներին էր միացել, բազմիցս խոսել ու ներկայացրել իրավիճակը ՋՕԸ գործադիր տնօրենին, խոստացել է խնդիրը լուծել, հետո տնօրենը փոխվել է, գյուղացիները շարունակել են մնալ առանց ջրի։
Գյուղապետն ասում է՝ եթե գյուղի 3 խորքային հորերը գործարկվեին, դա մշակվող 328 հեկտար հողատարածքներին կբավականացներ։ Հիմա գործում է մեկ խորքային հոր, երկուսը ապամոնտաժված են։
Բողոքի ակցիայի մասնակիցները ՋՕԸ նորանշանակ պետի հետ չհանդիպեցին։ Ասացին՝ գնացել է ջրային կոմիտե խնդրի կարգավորման հարցերով։ Տեղակալ Հովակիմ Հովակիմյանն ասաց՝ տեղյակ է, որ ոռոգման ջուր չկա։ Պատճառը՝ սակավաջուր տարին է և տևական շոգը։ Ի՞նչպես խնդիրը կարելի է կարգավորել, ասաց չգիտի, բայց եթե գյուղացիները դժգոհություն ունեն, կարող են գրավոր դիմում ներկայացնել, հանձնաժողովը կուսումնասիրի դիմում-բողոքները։
Արշալույսի և Ակնալճի գյուղացիական տնտեսությունները պնդում են, որ եթե նույնիսկ ոռոգման ջուրն այս պահին կարողանան ապահովել, ապա բերքի չնչին մասը կկարողանան փրկել։ Դա՝ խաղողի դեպքում, իսկ բանջարեղենի բույսերն արդեն չորացել են։
Գյուղացիները որոշել են վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան։