Ակնալիճցի Հովհաննես Կնյազյանը 20 հա հող ունի, լոլիկ և խաղողի այգի է մշակում։ Բանջարաբոստանային կուլտուրաների մեկ հեկտարի համար տարեկան 100 հազար դրամ ոռոգման վարձ է վճարում, խաղողի դեպքում՝ մեկ հեկտարին 60 հազար դրամ։ Այս տարի խաղողն ընդամենը մեկ անգամ է ոռոգել, լոլիկը, արդեն 10 օր է, չի ջրել, բույսը չորանում է, ծաղիկները՝ թափվում։

Արմավիրի մարզի 12 համայնքների բնակիչներ առավոտյան ժամը 10։00-ից հավաքվել էին Արմավիր-Երևան մայրուղու Էջմիածնի հատվածում, փորձում էին փակել մայրուղին։ Ոռոգման ջուր չունեն, պատկան մարմինների հետ հանդիպում  էին պահանջում։

Գյուղացիները, 6 օր է, ոռոգման ջուր չունեն։ Նրանց պնդմամբ, վարունգը, լոլիկը և սմբուկը չորանում են, դրանք առաջնային ջուր պահանջող բույսեր են, առնվազն 3 օրը մեկ պետք է ոռոգել։

4 ժամ բողոքի ակցիայից հետո գյուղացիներին հանդիպեց «Էջմիածին» ՋՕԸ գործադիր տնօրենը։ Եկել էր ասելու, որ ռոգման ջուր չլինելու պատճառը մայր ջրատարի վթարն է Մալաթիայի հատվածում, որտեղ, 3-րդ օրն է, վերականգնման աշխատանքներ  են ընթանում։ Ասաց՝ երեկոյան ոռոգման ջուր կունենան գյուղացիները։ 

Գյուղացիներին պատասխանը չգոհացրեց, շարունակեցին պահանջել կառավարության անդամների ներկացուցիչների ներկայությունը։ Ժամ առաջ դաշտերը ոռոգել է պետք,- ասացին նրանք։ Կեսօրին նորից փորձեցին մայրուղին փակել, ոստիկանները կանխեցին, ասացին՝ 40 րոպեից Ջրառի ներկայացուցիչները կգան։ Մեկ ժամից եկան «Ջրառ» ՓԲԸ փոխտնօրենն ու ինժեները։ Նրանք էլ էին եկել նույնն ասելու, պատճառը՝ վթարն է, շինարարներն աշխատում են։ Գյուղացիները հեռացան հույսով, որ երեկոյան ոռոգման ջուր կունենան։