Արմավիրի մարզի խաղողագործների մոտ մեկ շաբաթ տևած տարբեր տեսակի բողոքի ակցիաները չօգնեց։ Գյուղացիների հազարավոր տոննաներով տեխնիկական տեսակի խաղողը շարունակում է մնալ վազերին։ Գագիկ Ծառուկյանին պատկանող, Ամասիա համայնքում գտնվող խաղողի վերամշակման գոործարանի դռները շարունակում են փակ մնալ։ Խաղողագործներն ասում են, որ սեփականատերը նախապես չէր տեղեկացրել, որ այս տարի խաղող չի մթերելու, իսկ պայմանագիր գյուղացիների հետ երբեք չի կնքվել, միայն մթերումից մեկ-երկու շաբաթ առաջ կտրոններ են ստացել մթերման օրվա, ժամի վերաբերյալ և, ըստ գյուղացիների, տեղում թարմացվել է պայմանագիրը, սակայն իրենց օրինակ չի տրամադրվել։ Այս տարի այս գործողությունը չի կատարվել և նրանք փաստի առաջ են կանգնել։ Նրանք փորձել են տարբեր վերամշակող գործարաններում խաղողը մթերել, բայց անօգուտ՝ պատասխանել են, որ միայն մթերվում է այն գյուղացիների խաղողը, ովքեր պայմանագիր ունեն գործարանի հետ։

Գյուղացիներն անելանելի վիճակում են։ Եթե եղանակը փոխվի, խաղողը կորակազրկվի։ Բացի դա, բերքը գերհասունանում է և օր-օրի խաղողի քաշի կորուստ են ունենում։

Խնդիրների առաջ են կանգնել ոչ միայն այն գյուղացիները, ովքեր չեն կարողանում մթերել խաղողը, այլև նրանք, ովքեր գործարանի դիմաց սպասում են մթերման իրենց հերթին։

Պռոշյանի գինու, կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում մթերումը շարունակվում է։ Շարունակվում են նաև խաղողով բարձված մեքենաների հերթերը։ Գյուղացիները դիտավորություն են տեսնում մթերման գործընթացի կազմակերպման մեջ, ասում են՝ մթերումը դանդաղ է իրականացվում, որպեսզի արհեստականորեն ապրանքը որակազրկվի։ Չնայած խաղողագործները պնդում էին, որ իրենք բերել են որակապես բարձր տեսակի խաղող, սակայն գործարանը մթերման ընթացքում, այսինքն՝ խաղողը կշռելուց հետո, իբրև ոչ որակյալ ապրանք, հրաժարվում է վճարել ստացված քանակի 10-20 տոկոսի գումարը։ Օրինակ, փշատավանցի խաղողագործներից մեկն այսօր մթերել էր 4490։ Որպես ոչ որակյալ ապրանք 450 կգ-ի համար գործարանը վճարման կտրոն չէր տվել։ Եթե համաձայն չես այդ տարբերակին, կարող ես տանել ապրանքը, – ասում են գործարանի բակում իրենց հերթին սպասող գյուղացիները։ Խաղողը մթերվում է 130 դրամով։ Գյուղացիներն ասում են՝ քաշը պակասեցնելով ստացվում է, որ գործարանն իրենցից խաղողը գնում է 115 դրամով։ Սա դեռ ամենը չէ։ Վատագույնն այն է, որ մթերված խաղողի դիմաց գործարանը պետք է վճարի մինչև մեկ տարվա ընթացքում։ Գյուղացիները մտահոգված էին, ընտանիքը կերակրել է պետք, բայց այլ ելք չկա։