Լիպարիտ Առաքելյանը բնակվում է Արմավիրի մարզի Պտղունք համայնքում: 21 տարի է խմելու ջրի խնդրի առաջ է կանգնել: Առաքելյանը այս տարիների ընթացքում խմելու ջուր հայթայթել է 3 հնարավոր տարբերակներով, կամ ջուրը գնում է, կամ օգտվում է համայնքի ցայտաղբյուրից իսկ ավելի հաճախ հարևանների տանից: Պտղունք համայնքի մի հատվածում խմելու ջրի հարցը կարգավորված է և 24 ժամյա ջրամատակարարում կա: Մյուս հատվածը, որը գտնվում է գյուղի ծայրամասում ի սկզբանե խմելու ջրից օգտվելու հնարավորություն չի ունեցել: Լիպարիտ Առաքելյանի կարգավիճակում են գտնվում նաև նրա հարևանները, ովքեր այլընտրանք չունենալով ամեն օր դույլերով անցնում են ինքնաշեն կամրջով և հարևաններից ջուր խնդրում: Ջրի խնդրից զատ Պտղունքի բնակիչներին նաև մտահոգում է հոսանքի և ճանապարհի անմխիթար իրավիճակը: Խնդրով բնակիչները շատ անգամ են դիմել գյուղապետարան, միայն այս տարվա սեպտեմբերին գյուղապետարանը նախաձեռնել և սկսել է թաղամասում ջրագծի անցկացման գործընթացը, բայց անավարտ թողել: Պտղունքի գյուղապետարանի առաջատար մասնագետ Հասմիկ Ներսիսյանը վստահեցնում է, աշխատանքները դադարեցվել են, քանի որ ծրագիրը փոփոխության է ենթարկվել: Որոշվել է այն մեծացնել, գումարն ավելացնել և գյուղի ամբողջ ջրագիծը նորոգել, այդ թվում այս թաղամասում նոր ջրագիծ անցկացնել: Նոր ու մեծ ծրագրի իրականացման գործընթացն ուշանում է, քանի որ նախկին գյուղապետը լիազորությունները վայր է դրել, նորն էլ դեռ չի ստանձնել, ասում է Ներսիսյանը և բնակիչներին հորդորում սպասել ևս մի քանի օր, հաջորդ շաբաթ նոր գյուղապետն արդեն կստանձնի պարտականություններն ու հետումուտ կլինի հարցի լուծմանը, խոստանում է գյուղապետարանի առաջատար մասնագետը: