Արմավիրի մարզում կեռասի բուռն բերքահավաք է ընթանում։ Այս պահին գյուղացիները կեռասը սպառելու լուրջ խնդիրներ չեն ունեցել։ Արմավիրցի Աշոտ Հարությունյանն ասում է, մինչև բերքահավաքի մեկնարկը խուճապ էր սկսվել այգետերերի մոտ, ՌԴ -ն երբ հայտարարեց արտահանման սահմանափակումների մասին, մտածում էինք բերքը կմնա ծառերի վրա։ Բայց բերքահավաքը ընթանում է բնականոն հունով, մարդիկ կարողանում են կեռասը վաճառել տեղական շուկայում, այս տարի շատ են նաև վրացի գնորդները։ Կեռասի մեկ կիլոգրամը գյուղացին վաճառում է 400-1000 դրամով, ըստ տեսակի և որակի, սա իհարկե մեծածախ գինն է, ասում է Աշոտը և ավելացնում, թե վերավաճառողները մինչև քաղաք են հասցնում, ինչքա՞ն են գինն ավելացնում, դա չգիտենք։
63 ամյա Մարիամ Հովսեփյանը կեռասի բերքատու այգի ունի, վաճառքից դժգոհ չէ, ինքն անձամբ է ապրանքը շուկա տանում՝ Էջմիածին, կամ մայրաքաղաք։ Բայց Մարիամը նկատում է, այս տարի կեռասի բերքը քիչ է, քիչ է նաև ծիրանի բերքը, նրա կարծիքով գարնանը անբարենպաստ եղանակների պատճառով բերքատվությունը տուժել է, ասում է ծառերի ծաղկած ժամանակ տևական անձրևները վնասեցին, պտուղը չձևավորվեց։ Այսինքն տիկին Մարիամի կարծիքով, եթե բերքը շատ լիներ, ՌԴ ի կողմից կիրառված արտահանման սահմանափակումների պայմաններում հնարավոր է իրացման ճգնաժամ առաջանար։