ՀՀ աշխատաշուկայի ակտիվության վերլուծություն, աշխատավարձեր, աշխատաշուկայի հիմնական ցուցանիշներ:

Վերլուծությունն իրականացվել է staff.am-ի կողմից:

Ձեզ ենք ներկայացնում staff.am-ի վեցերորդ վերլուծությունը նվիրված աշխատաշուկային։

«ՀՀ Աշխատաշուկա 2022»-ի հիմնական ենթաբաժիններն են՝

  • Ամենապահանջված մասնագիտությունները և ակտիվության դինամիկան 2022թ.-ի ընթացքում։
  • Ամենաակտիվ գործատուները և ըստ կազմակերպության գործունեության ոլորտները
  • Մարզային հաստիքների ուսումնասիրություն
  • Աշխատավարձերի ուսումնասիրություն
  • Գնաճի և իրական աշխատավարձի վերլուծություն։
  • Նեղ մասնագիտական ոլորտների ուսումնասիրություն և այլն։ 

Մակրոտնտեսական վերլուծությունը կատարվել է «Մոդեքս» ընկերության կողմից՝ հատուկ «ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2022» զեկույցի շրջանակներում։
Վերլուծության շրջանակներում ուսումնասիրվել է ավելի քան 40,000 աշխատանքի հայտարարություն՝ 2021-2022թ.թ. ժամանակահատվածի համար։

Ստորև ներկայացված է ընդհանրական անդրադարձ, իսկ ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ  https://staff.am/staffmedia/labor-market-2022/ հղմամբ։

  1. 2022թ.-ի ամենապահանջված մասնագիտությունը Ծրագրավորումն է, որին հաջորդում են «Բանկային և վարկային գործ» մասնագիտությունը և վաճառքի ու սպասարկման ոլորտի մասնագիտությունները։
    Այս գրաֆիկում համեմատել ենք 2022 թ.-ի ամենապահանջված 10 մասնագիտությունների ակտիվության դինամիկան ըստ ամիսների։ Հատկանշական է, որ ՏՏ ոլորտի աշխատանքների նվազմանը զուգահեռ, նվազել է Մարքեթինգի և Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագիտությունների պահանջարկը, որը պայմանավորված է նրանով, որ այս ոլորտի մասնագետների զգալի ներկայացվածություն կա «Տեղեկատվական Տեխնոլոգիաներ» ոլորտի ընկերություններում, և բնականաբար կրճատումներն ու ակտիվության անկումը ՏՏ ոլորտում անդրադարձել է այս երկու մասնագիտական ուղղությունների վրա նույնպես։ Տարվա սկզբի համեմատ մեծ ակտիվություն է գրանցվել բանկային, ֆինանսական և խորհրդատվական մասնագիտությունների պահանջարկի առումով:

  1. Գրաֆիկում ներկայացված են գործատուների այն ոլորտները, որտեղ գրանցվել է ամենամեծ ակտիվությունը։ Հայտարարված բոլոր թափուր աշխատանքների մոտ 42%-ը բաժին է ընկնում ՏՏ ոլորտի ընկերություններին։ Ընդ որում՝ այս ոլորտի ընկերություններն ակտիվորեն համալրում են իրենց թիմերը ոչ միայն ՏՏ ոլորտի մասնագետներով (ծրագրավորում, որակի կառավարում, DevOps և այլն)՝ այլ նաև այլ ոլորտների մասնագետներով․ օրինակ՝ վաճառքի և հաճախորդների տեխնիկական սպասարկման մասնագետների, թվային մարքեթինգի և կոնտենտի ստեղծման մասնագետների։ Չնայած որ ՏՏ ոլորտն այս տարի գրանցել է անկում, միևնույնն է այն առաջատարի դիրքում է իր ակտիվությամբ։ 2022թ.-ին ակտիվության աճ են գրանցել ՀՀ բանկերը և ունիվերսալ վարկային կազմակերպությունները, ինչպես նաև Հեռահաղորդակցության ոլորտը, Օնլայն ծառայությունների ոլորտը, Խորհրդատվական ընկերությունները։ Այս ամենը հիմնականում պայմանավորված է ԱՊՀ երկրներից ՀՀ տեղափոխված մարդկանց հոսքով։

  1. Գրաֆիկում ներկայացված է միջին ամսական անվանական աշխատավարձի և սպառողական գների ինդեքսի (գնաճի) դինամիկան 2022թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների համար։ Սպառողական գների ինդեքսի և միջին ամսական անվանական աշխատավարձի տարբերությունը տվյալ ամսվա համար իրենից ներկայացնում է իրական աշխատավարձը։ Յուրաքանչյուր ամսվա համար տրված տոկոսային փոփոխությունը նշված է նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ։ Միջին ամսական անվանական աշխատավարձի և սպառողական գների ինդեքսի ամենամեծ տարբերությունն արձանագրվել է 2022թ․-ի հունիս ամսին։

Աղբյուր՝ ՀՀՎԿ. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022թ. հունվար-հոկտեմբերին», «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-նոյեմբերին»:


  1. Գրաֆիկում ներկայացված են ՀՀ ամենաակտիվ 20 գործատուները համալրման ծավալներով։ Ներկայացված 20 ընկերություններից 9-ը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են, համեմատած նախորդ տարվա 11-ի հետ։ 20 ընկերություններից 7-ը ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ են։ Առհասարակ 2022թ.-ի ընթացքում ֆինանսաբանկային ոլորտը աննախադեպ աճ է գրանցել աշխատաշուկայի ակտիվության տեսանկյունից:

  1. Այս տարի մարզային քաղաքները գրանցել են աննախադեպ ակտիվություն staff.am-ում հրապարակված հաստիքների քանակով։ 2021թ.-ին հաստիքների 94.4%-ը Երևան քաղաքում էր, իսկ 2022թ.-ին այդ ցուցանիշն իջել է 88.3%-ի։ Ակտիվության աճ են գրանցել Գյումրի, Վանաձոր, Իջևան և մի քանի այլ քաղաքներ։ Մարզային քաղաքներում հիմնականում ակտիվություն են ցուցաբերել այն ընկերությունները, որոնք ունեն մասնաճյուղեր տվյալ քաղաքում։ Օրինակ մարզերում 20 ամենաակտիվ գործատուներից 9-ը ֆինանսաբանկային ոլորտից են, որոնք հավաքագրում են կատարում մարզային մասնաճյուղերի համար։ 4-ը ՏՏ ոլորտից են, որոնք ունեն համեմատաբար մեծ գրասենյակներ մարզերում։ Հաշվի առնելով Հեռահաղորդակցության ոլորտի ցուցաբերած ակտիվությունը 2022թ.-ին, ոլորտի երեք խոշոր ընկերություն նույնպես ընդգրկվել են թոփ քսանյակում:

  1. Գրաֆիկում պատկերված է աշխատողների միջին թիվն ըստ տնտեսական գործունեության տեսակների։ Նշենք, որ այս տվյալների աղբյուրը ՀՀ Վիճակագրական կոմիտեն է։ Գրաֆիկում նշված է նաև յուրաքանչյուր տնտեսական գործունեության տեսակի համար միջին աշխատավարձը։ Եթե համեմատենք 2021թ.-ի նույն ժամանակահատվածի հետ (տես՝ https://staff.am/staffmedia/ra-labor-market-2021/, 2.2 ենթաբաժին), ապա հետևյալ ոլորտներում գրանցվել է աշխատողների թվի աճ՝ Կրթություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ և առևտուր։ Աշխատավարձի աճ գրանցվել է մի շարք ոլորտներում, որոնցից ամենազգալին արձանագրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների, Ֆինանսաբանկային, Հանքագործական, Գիտության և մի շարք այլ ոլորտներում:

  1. Պատմականորեն ամբողջ դրույքով աշխատանքները գերակշռել է ՀՀ աշխատաշուկայում։ Համեմատելով 2021թ.-ի հետ, կարող ենք նշել, որ նախորդ տարի «Հեռահար» տիպի հաստիքները բոլոր հաստիքների 1%-ն էին, իսկ այս տարի հեռահար աշխատանքների նկատմամբ պահանաջարկը նվազել է մինչև բոլոր հաստիքների 0.4%-ը։ Հեռահար աշխատանքների պահանջարկի աճը 2021թ.-ին պայմանավորված էր երկու հիմնական գործոնով. առաջինը՝ համավարակի պատճառով ընկերությունները դեռ լիարժեք չէին վերադարձել գրասենյակային աշխատանքի, և երկրորդը՝ միջազգային ընկերությունների կողմից մեծ պահանջարկ կար ՀՀ-ում գտնվող ՏՏ և հարակից ոլորտների մասնագետների նկատմամբ։ Ընդ որում՝ վերջին գործոնը բավականին ակտիվ էր 2022թ. առաջին կիսամյակին, սակայն ՏՏ ոլորտում համաշխարհային ճգնաժամի և կրճատումների պատճառով, այս գործոնի ազդեցությունը ավելի կարևորվեց։