Հացիկցի Մարտուն Հարությունյանը մեկ հեկտար ծիրանի այգի ունի, բայց բերք չունի։ Արդեն մեկ շաբաթ է պտղաթափում է սկսվել, ամբողջ ծիրանը ծառերի տակ է լցվել։ Ասում է՝ ժամանակին բուժել է, պարարտացրել, ոռոգել, պատճառը չգիտի, ենթադրում է՝ ցրտից է։

Նախորդ տարիներին Մարտունը մեկ հեկտարից մինչև 12 տոննա ծիրան է հավաքել։ Անցյալ տարի նույնպես ցրտահարվել էր այգին։ Այս տարի, եթե 2 տոննա բերք ստանա, գոհ կմնա, գոնե բուժանյութի և պարարտանյութի ծախսը դուրս կգա, – ասում է այգեգործը և ավելացնում, – անկախ բերքի քանակից պետք է բոլոր աշխատանքները կատարել, որպեսզի ծառը հաջորդ տարվա համար բերքատու մնա, չթուլանա։ Նույն իրավիճակն է Մյասնիկյան համայնքի ծիրանի այգիներում։

Գլխավոր գյուղատնտեսի խոսքով, բերքի սակավության և պտղաթափման պատճառները մարտի վերջին գրանցված ցրտահարությունն է և մայիսի 9-ի ուժգին քամին։

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանն ասում է, որ այս տարի Արմավիրի մարզում մասսայական բերքի պակաս կգրանցվի։

Մյասնիկյանցի Գագիկ Հովհաննիսյանն ասում է,  եթե ոռոգման ջուր լիներ և կարողանային այգիները  ոռոգել, հնարավոր կլիներ որոշակի բերք պահպանել։  Չոռոգված ծառերն ավելի թույլ  են և չեն կարողանում սնուցել պտուղը ։

Մյասնիկյանցիներն ասում են ոռոգման ջուրը մատակարարվում մեկ շաբաթ ընդհատումով։ Բացի այդ ոռոգման սեզոնն այս տարի մոտ 15 օր ուշ է սկսվել։ Մյասնիկյանում ոռոգման ջրի դեֆիցիտ գրանցվում է գրեթե ամեն տարի։

Ոռոգման ջրի խնդիր այս տարի արդեն գրանցվել է մարզի մի քանի համայնքներում։ Գյուղացիական տնտեսությունները նույնիսկ բողոքի ակցիաներ էին կազմակերպել խնդիրը լուծելու նպատակով։