Անկախ Հայաստանի պատմության մեջ պարբերաբար առկայծել են տարաբնույթ բիզնեսի տեսակներ, որոնք այդ ժամանակի համար ապահովել են բավարար շահույթ:
Հիշենք սեղանիկները, համալսարանները, լոտոները, թերթերը, բենզալցակայանները, գազալցակայանները, երթուղային գծերը. ցանկը կարելի է անվերջ շարունակել: Ընդունվել և այսօր էլ ընդունվում են օրենքներ, որոնց միջոցով կարգավորվում են ոլորտները և բիզնեսի շատ տեսակներ խոշորանում են կամ նվազում է դրանց նկատմամբ հետաքրքրությունը:
Այսօր հանրապետության բնակչությունը գնալով նվազում է, իսկ դեղատները՝ սնկի պես աճում: Պարզ տրամաբանությամբ կարելի է ենթադրել՝ կամ ազգը, ծերանալով հանդերձ, համատարած հիվանդացել է, կամ ինչ որ բան այն չէ:
Այն, որ ազգը ծերանում է, դա պարզից էլ պարզ է: Դա հանրապետության դպրոցականների թվի մոնոտոն նվազման տեմպերից էլ է երևում: Իսկ թե ինչն այն չէ, կարելի է մի փոքր վերլուծություն կատարել:
Միայն Արմավիր քաղաքում գործում է մոտ երեք տասնյակ դեղատուն: Տրամաբանական է, որ երեք տասնյակ հազարի չհասնող բնակչության համար ճոխություն է այդքան դեղատունը և դժվար թե եկամուտ ապահովի այն պարագայում, երբ դեղատները գտնվում են իրարից 30-50 մետր հեռավորության վրա կամ հարևանությամբ:
Երբ մի քիչ խորանում ես դեղատների պատկանելիության մեջ, նոր պարզ է դառնում նրանց առատության պատճառը: Արմավիր քաղաքի շատ դեղատներ ինչ որ կերպ կապ ունեն Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկներից շատերի հետ:
Հ.Գ. Հավանաբար դա է պատճառը, որ բժշկական կենտրոնում պետպատվերի շրջանակներում տրամադրվող անվճար դեղորայքի ցանկը սահմանափակվում է մի քանի էժանագին դեղորայքով և Նովոկայինով: