Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի բնակիչները վաղ գարնանից մտահոգված էին ցորենի ցանքատարածություններով: Խնդիրը նրանում էր, որ կառավարության տրամադրած էլիտար ցորենի սերմնացուն գաճաճ էր դուրս եկել, դեռ 20 սմ չմեծացած, հասկ էր գցել:
Գյուղացիներն ասում են, որ մեկ հասկի վրա առնվազն պետք էր 15-20 հատիկ ցորեն լիներ, բայց բերքառատ համարվող կառավարության տված սերմով հասկի վրա ընդամենը 5-6 հատիկ ցորեն է բռնել:
Նոր Կեսարիայում հարցը բարձրացվեց, գյուղնախարարը այցելեց, ուսումնասիրություն կատարվեց ու ցորենը ակտավորվեց:
Կառավարության նույն էլիտար ցորենի սերմնացուից հուշակերտցիներն էլ են ցանել, այսօր նույն խնդրի առաջ կանգնել: Աշնանը լսել էին սերմնացուի մասին, գյուղապետին դիմել, նա էլ իր հերթին սերմնացուն գովել ու գյուղացուն էր տվել: Գարնանը հուշակերտցին բերքի մեծ ակնկալիքով դաշտ է մտել, հանկարծակի էր եկել, երբ 15 սմ ցորենը արդեն հաս բռնած էր տեսել:
Հուշակերտ համայնքում 35 հա կառավարության տրամադրած ցորենի սերմնացու է ցանվել: Գյուղապետ Սամվել Մխիթարյանը գյուղացու արձագանքը լսել ու ցանքատարածությունները անձամբ էր ուսումնասիրել: Նա նույնպես պարզել էր, որ ցորենի բարձրությունը և կռուտների վիճակը նորմալ չէ, տեսքն էլ անսովոր է: Մխիթարյանը համամիտ է գյուղացիների հետ, բացի քիչ բերքատվությունից, բերքահավաքի խնդիր էլ կառաջանա: Կոմբայնը ցածրահասակ ցորենը քաղել չի կարողանա:
Ոչ գյուղապետը, ոչ էլ գյուղացիները խնդիրը եղանակի հետ չեն կապում, նույնիսկ համեմատություն են կատարում, տեղական սերմնացուի աճը և բերքատվությունը նույն բնակլիմայական պայմաններում նորմալ են գնահատում: Այսինքն գյուղնախարարի հայտարարությունը ճիշտ չեն համարում, թե իբր եղանակը չորային է, դրա համար էլ ցորենը գաճաճ է:
Գյուղապետն առայժմ որևէ քայլ չի ձեռնարկել, ասում է բերքահավաքից իրավիճակը կգնահատի ու ըստ այդմ համապատասխան մարմիններին փոխհատուցման խնդրանքով կդիմի:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը համենայնդեպս Նոր Կեսարիա համայնք Հուշակերտով էր անցել, բայց ինչու Հուշակերտի ցորենի հետ չեր ծանոթացել, գյուղացիների համար հանելուկ էր մնացել: