Արմավիրի մարզի մեկ տասնյակի հասնող գյուղերի խաղողագործներ փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում։ Խաղողը մնացել է դաշտերում, մթերում չի իրականացվում։ Արդեն մեկ ժամ ոստիկանները չեն կարողանում գյուղացիների հետ փոխհամաձայնության գալ ճանապարհը բացելու ուղղությամբ։

Գյուղացիների հետ բանակցություններ էր վարում Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը։ Նրա խոսքով, պատկան մարմինները, արդեն մի քանի օր է,  քննարկում են  խաղողի մթերման գործընթացի կազմակերպման հարցերը և շուտով խնդիրը կկարգավորվի։ Գյուղացիները թերահավատ են, մինչև այդ մասին Արմավիրի մարզպետը չասի, երաշխիք չլինի, ճանապարհը չի բացվի։ Վարչության պետն ասաց անհնար է, մարզպետը կառավարության նիստին է մասնակցում։

Ճանապարհը փակած գյուղացիների և վարորդների միջև սկսվեց վիճաբանություն։ Վարորդները պահանջում էին գյուղացիներից բացել իրենց ճանապարհը։ Այնուհետև բախում սկսվեց ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։

Ճանապարհը փակելուց առաջ, մեկ ժամից ավելի խաղողագործները բողոքի ակցիա իրականացրեցին Գագիկ Ծառուկյանին պատկանող Արմավիրի մարզի Ամասիա գյուղում գտնվող խաղողի վերամշակման գործարանում։ Խնդիրը նրանում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները, շուրջ տասը  տարի է, իրենց խաղողը մթերել են հենց այդ գործարանում։ Այս տարի նրանց պայմանագրերը չի թարմացվել և գործարանն առայժմ մթերում չի իրականացրել։ Գյուղացիներն անելանելի վիճակում են, խաղողը մնացել է վազերին, վարկերը մարելու ժամանակն է եկել։ Խնդրի կարգավորման համար պահանջում են կառավարության ուշադրությունը։