Երկօրյա դասընթացի միջոցով Արմավիրի մարզի ՀԿ, ԶԼՄ ներկայացուցիչները, հետաքրքրված քաղաքացիները ծանոթացան տեղեկատվության ազատության և բյուջեի հանրային վերահսկողության մասին: Դասընթացը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: Բյուջեի հանրային վերահսկողության մասին խոսեց ֆինանսների և բյուջեի փորձագետ Վանիկ Մարգարյանը: Նա մասնակիցների հետ քննարկեց բյուջետային համակարգի հիմնական սկզբունքները, տեղեկացրեց բյուջեի և դրա կատարողականի մասին: Մարգարյանը խոսեց նաև բյուջետային ծախսեր կատարելու մեխանիզմների մասին, ծանոթացրեց ինչպես գնահատել պետական և տեղական բյուջեի ծախսման հիմնավորվածությունն ու բացահայտել հնարավոր խախտումները: Մարգարյանն անդրադարձավ նաև բյուջետային համակարգի օրենսդրության հնարավոր խախտումներին և դրանց իրավական հետևանքներին:
Վանիկ Մարգարյանից հետաքրքրվեցինք ՏԻՄ-ները որքանո՞վ են արդյունավետ կամ օրինաչափ կառավարում տեղական բյուջեն: Փորձագետի խոսքով՝ «Առյուծի բաժինն իրականում խախտումների գնման գործընթացներին է վերաբերվում և համայնքային լիազորությունների չարաշահմանը, մասնավորապես՝ համայնքային գույքի տնօրինմանը, աշխատատեղերի կեղծ ձևակերպմանը և գնումների գործընթացներին: Ամենամեծ խնդիրը նա է, որ փաստացի համայնքի կառավարման մարմիններն իրենց ներքին վերահսկողությունը չեն իրականացնում, այսինքն ավագանին որևէ կերպ քաղաքապետին կամ գյուղապետին վերահսկողություն չի իրականացնում, իսկ որոշումների մի ստվար զանգված, ըստ էության, ավագանին պետք է հաստատի և դա զսպող մեխանիզմ է, որպեսզի ակնհայտ խախտումներ տեղի չունենան»,- ասաց Մարգարյանը:
Ինչ վերաբերում է ՏԻՄ աշխատանքի թափանցիկության ու հաշվետվողականության նկատմամբ հանրության անտարբեր վերաբերմունքին, այսինքն հասարակությունը նույնպես՝ որպես պահանջատեր, չի ստիպում տեղական իշխանություններին իր առաջ լինել հաշվետու և աշխատել թափանցիկ, փորձագետը նկատեց, որ այստեղ հանրության հետաքրքրվածությունը բարձրացնելու մեծ դեր ունեն ՀԿ-ներն ու լրագրողները: Ասաց.- «Դժվար է համայնքի անդամներից պահանջել հաշվետվողականության համար քայլեր ձեռնարկել: Սովորաբար համայնքի անդամներն իրենց անձնական խնդիրն են բարձրաձայնում, այսինքն երբ որ հարցը իրենց է հասնում, այդ ժամանակ են բողոքում: Ըստ էության, երբ որ հրապարակումներն այս կապակցությամբ շատանան, մարդիկ կհասկանան, որ գործում է իրավապահ համակարգ, բացահայտվում են խախտումները և ինչպես պետք է խնդիրների մասին բարձրաձայնել: Այս դեպքում արդեն կարող ենք նպաստել հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը»:
Մարդու իրավունքների փորձագետ Կարեն Անդրեասյանի հետ քննարկվեց ազատ արտահայտման իրավունքի օրենսդրական դաշտը, ներպետական օրենսդրությունը, միջազգային իրավական ակտերի ուսումնասիրությունը, մասնավոր կյանքի իրավունքը, զրպարտություն և լրագրողական էթիկան: Փորձագետն օրինակներ բերեց. «Օրինակ, մեր հեռուստաընկերությունների տնօրենները շատ ավելի լավ գիտեն Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը, քան մեր իրավաբանները, բայց սա նման է էն բժշկությանը, որն ամեն մարդ գիտի, օրինակ հիվանդության ժամանակ, որ չի կարելի սառը ջուր խմել, ոտքերը մրսացնել և այլն: Բաներ կան, որ մարդը, չլինելով դրա նեղ մասնագետը, կարող է մի քիչ պատկերացում ունենալ, իսկ ամեն ինչ կիմանա, երբ լինի մասնագետ»: Անդրեասյանը նշեց, որ խոսելու է եղած տասնյակ իրավունքներից մեկի մասին՝ խոսքի ազատության, իսկ ավելի ճիշտ՝ արտահայտվելու ազատության մասին: «Արտահայտվելու ազատությունը, որպես մարդու իրավունք, ինչպես և մնացած բոլոր իրավունքները, բացարձակ չի: Մենք բոլորս խոսում ենք պետք է հարգենք խոսքի ազատությունը, բայց ամեն իրավունք, որ ասում ես, անմիջապես երկրորդ տեղում ասում ես՝ այդ իրավունքը որտեղ է ավարտվում: Ընդհանրապես ծեծված մի խոսք կա՝ «Իմ իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի իրավունքը» կամ «Ամեն իրավունք ծնում է պարտականություն»: Էս ծեծված խոսքերն անգիր ենք արել, բայց մարդիկ չգիտեն դրա ավելի կոնկրետ դրսևորումը: Օրինակ, կյանքի իրավունքը որտե՞ղ է վերջանում: Այնտեղ, որտեղ, ասենք, այլ պետությունը հարձակվում է ձեր վրա, այսինքն ձեր կյանքի իրավունքը բացարձակ չէ: Այսինքն կյանքի ամենա ամենա իրավունքը բացարձակ չէ, ուր մնաց խոսքը», – ասաց Կարեն Անդրեասյանը:
Դասընթացի հաջորդող թեմաները վերաբերում էին տեղեկատվության ազատության հիմնական սկզբունքներին՝ ինչ է տեղեկատվությունը և տեղեկատվության ազատությունը, «տեղեկատվության ազատություն» հասկացության պարզաբանումը, տեղեկատվության ազատության առավելություններն ու սկզբունքները: Տեղեկատվության ազատության ազգային փորձագետ Լիանա Դոյդոյանը խոսեց տեղեկատվության ազատության իրավական հենքի, ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթների, Տեղեկատվության ազատության մասին օրենքի, տեղեկատվության տրամադրման կարգի մասին ՀՀ կառավարության N1204 որոշման մասին: Փորձագետը ներկայացրեց նաև տեղեկատվություն ստանալու և տրամադրելու եղանակների մասին, տեղեկատվություն ստանալու բանավոր, գրավոր և էլեկտրոնային հարցումների, տեղեկությունների տրամադրման ձևերի ու ժամկետների մասին: Դոյդոյանն անդրադարձավ պրոակտիվ հրապարակումներին, օրինակ՝ պաշտոնական ինտերնետային կայքերը՝ որպես տեղեկատվության տրամադրման պրոակտիվ միջոց:
Փորձագետի հետ քննարկվեց տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերի, բողոքարկելու և տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման դեպքում պատասխանատվության մասին:
ԵՄ–ՀՀ հարաբերությունների զարգացման ընթացքը ԽՍՀՄ անկումից մինչև ԵՄ հարևանության քաղաքականության մեկնարկի մասին ներկայացրեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների փորձագետ Աննա Հակոբյանը: Հակոբյանը խոսեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների քաղաքական և իրավական գործիքակազմի, Եվրոպական Հարևանության քաղաքականության – Արևելյան գործընկերության մասին: Ներկայացրեց Հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության հիմքերը: Դասընթացի մասնակիցների հետ քննարկվեց ԵՄ ինտեգրման գործընթացի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության փորձի մասին օրինակներ:
Դասընթացի 4 փորձագետների հետ մասնակիցները քննարկեցին և կիսվեցին մասնավոր ու ընդհանուր մի շարք դեպքերով, օրինակների հիման վրա ստուգեցին ճիշտն ու սխալը, մասնագետներից ստացան իրենց համար վիճելի հարցերի պատասխաններն ու ամփոփեցին ստացած գիտելիքները:
Առյուծի բաժինն իրականում խախտումների գնման գործընթացներին է վերաբերվում. Ֆինանսների և բյուջեի փորձագետ Վանիկ Մարգարյան
21:21, 17 նյմ. 2018