Տիկին Էլիզան պատմում է որդու՝ Արմեն Բաղդասարյանի սխրագործությունների մասին, ով հոկտեմբերի 13-ին զոհվեց Մարտակերտում, Չայլու գյուղի տարածքում։
Էլիզայի ընտանիքը պատերազմի օրերին է Հայաստան տեղափոխվել։ Ժամանակավոր Հայթաղ գյուղում են բնակություն հաստատել։ 4 երեխաների մայրը Արմենի մասին անցյալով չի խոսում, պատմում է, որ Արմենը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Շուշիի համալսարանի քոլեջը, սովորել Կառավարման ֆակուլտետում, ապա՝ համալսարանի Սննդարդյունաբերության բաժնում։ Երկրորդ կուրսում բանակ է զորակոչվել։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է, միևնույն ժամանակ՝ աշխատել ընտանիքի հոգսը թեթևացնելու համար։
Սեպտեմբերի 27-ին Արմենը կամավորագրվել ու պատերազմ է մեկնել։ Էլիզայի ամուսինը` Սարմեն Բաղդասարյանը, ով բարձրաստիճան զինվորական է, այժմ՝ պահեստազորի սպա, նույնպես մարտի դաշտում է գտնվել։ Էլիզան խնդրել է ամուսնուն տղայի հետ խոսի, տուն ուղարկի, բայց՝ անարդյունք։ Էլիզայի խոսքով, Արմենը հաճախակի չէր զանգում, վերջին զանգը հոկտեմբերի 11-ին էր կատարել։
Արմենի մարմինը մարտի դաշտից դուրս են բերում ծառայակից ընկերները։ Եղբայրը՝ Արամազդը, պատմում է, որ Արմենը բնավորությամբ համբերատար էր, հաշտվող, ընտանիքին երբեք նեղություն չպատճառող։ Տիկին Էլիզան հիշում է, թե ինչպես էր Արմենը ծաղիկներ հավաքում իր համար։ Մարտի 8-ին երկու փունջ է նվիրել մորը, իսկ մանուշակներ՝ ամեն օր։ Ընտանիքը երկու տուն է ունեցել։ Էլիզան ասում է՝ մեկը, որը գտնվում էր Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղում, հիմա Ադրբեջանին է հանձնված, մյուսը, որը գտնվում է Կիլիկիա թաղամասում, բնակվելն այդքան էլ անվտանգ չէ։ Հիմա ամուսինը Մարտակերտում է, գնացել է որդու գերեզմանատունը կառուցի։ Կվերադառնա, նոր կորոշեն հետագա անելիքը։ Անպայման Արցախ կվերադառնան, որովհետև Արմենը ննջում է Գանձասարում՝ Վանք գյուղում։