Արմավիրի և Արարատի մարզի գյուղացիական տնտեսություններն արդեն կարող են օգտվել գյուղատնտեսական ապահովագրությունից։ Առայժմ կապահովագրվի խաղողը, դեղձը, ծիրանը և մի քանի մշակաբույս։ Մինչև 2023 թվ-ը ծրագրի ղեկավարները հույս ունեն, որ ապահովագրման ենթակա կլինեն գրեթե բոլոր մշակաբույսերը։ Այս մասին այսօր Արմավիրի մարզպետարանում ներկայացրեց Գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալության փոխտնօրեն Նարեկ Հովակիմյանը։

Հովակիմյանը ներկայացրեց նաև ըստ մշակաբույսերի ապահովագրման ձևի, չափի ու կարգի մասին․ որքան պետք է վճարի գյուղացիական տնտեսությունը մեկ հեկտարի համար, որքան կկազմի սուբսիդավորված գումարը, որքան հատուցվող գումարը և որքան ապահովագրությունից հետո փոխհատուցման ընթացքում չվճարվող գումարի չափը։ Նարեկ Հովակիմյանն անդրադարձավ նաև ապահովագրման տեսակներին ու ժամկետներին։ Առայժմ ընգրկվել են մի քանի ռիսկեր, այդ թվում՝ կարկուտ, հրդեհ, ցրտահարություն։ Գյուղացիական տնտեսությունները կարող են ընտրել ապահովագրության միայն մի ռիսկ կամ բոլոր ռիսկերը միասին։

Ֆերմերները ապահովագրության ներդրման ծրագրից գոհ են, ասում են անհրաժեշտ գործընթաց է։ Քարակերտցի Անտոնյանը, օրինակ, 25 հեկտար հողատարածք ունի, 15՝ խաղողի, 10՝ ծիրանի այգի։ Այս տարի կփորձի ապահովագրել 10 հեկտարը։ Ֆինանսական միջոցների խնդիր է։

Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանը վստահ է, գործընթացն իրապես օգուտ կբերի գյուղացիական տնտեսություններին։ Առայժմ ոչ բոլոր մշակաբույսերի համար սկսված ապահովագրութունը ժամանակին կընդգրկի բոլոր տեսակները և այդ ժամանակ առավել կարտահայտվի ծրագրի արդյունավետությունը, ասում է մարզի գլխավոր գյուղատնտեսն ու ավելացնում,- մշակաբույսերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով ծավալով ավելի մեծ հողատարածքների և արտադրանքի քանակը։ Արմավիրի մարզում ծիրանի և խաղողի այգիները մեծ տեղ են գրավում։ Նարեկ Հովակիմյանն անդրադարձավ նաև ապահովագրման գումարի չափին։ Նրա կարծիքով, չնայած սահմանված գումարը չի կարող համեմատվել  ակնկալվող եկամուտի չափին, բայց կարող է հատուցում համարվել մշակության համար ներդրված ամբողջ գումարի և եկամտի 20-30 տոկոսի չափով։