Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչների ամենամեծ երազանքը կապույտ վառելիք ունենալն էր: Գյուղի տարածքում դեռ խորհրդային տարիներին մոնտաժված գազատար խողովակները գյուղացիներին հույս էին ներշնչում, որ մի օր իրենց տարիների ցանկությունն իրականություն կդառնա: 2015թ. հուլիսի 4-ին մեծամորցիները տեսնելով, որ գյուղի տարբեր հատվածներում գետին են տապալվում գազատար խողովակները, հասկացան, որ իրենց երազանքը երբեք իրականություն չի դառնա: Սկզբում զայրացան, հարցուփորձ արեցին, ապամոնտաժման հեղինակի ով լինելը պարզելուց հետո ածականներով ծանրաբեռնված նախադասություններ ասելով գնացին տուն:
Ինքներս փորձեցինք տեղում պարզել գազատար խողովակների պատկանելիությունը և ապամոնտաժման անհրաժեշտությունը: Ինչպես և կանխատեսում էինք, գյուղապետ Էդվարդ Միրզոյանը տեղում չէր, և հեռախոսն անջատված էր: Փոքր գյուղերում հաճախ է այդպես լինում, մինչև լրագրողը հասցնում է հարցումներով հասկանալ խնդրի էությունը, գյուղապետն անհետանում է անհայտ ուղղությամբ և հեռախոսազանգերին կամ չի պատասխանում, կամ անհասանելի է դառնում:
Մեծամորի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Անագիտ Գրիգորյանը մեզ հայտնեց, որ գյուղապետը տեղում չէ, իսկ գազատար խողովակներն ապամոնտաժվում են գյուղի ավագանու որոշման համաձայն, և մեզ տրամադրեց 2015թ. մարտի 20-ին կայացած ավագանու նիստի որոշումը: Առաջին տպավորությունից կարելի էր ենթադրել, որ ամեն ինչ կատարվել է ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի տառին ու տողին համապատասխան, սակայն, երբ բացեցինք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքը, որտեղ տեղադրված են նաև համայնքների ավագանու որոշումները, պարզվեց, որ 2015թ. մարտի 20-ին Մեծամորի ավագանին 2 նիստ է գումարել: Թիվ 9 նիստով ավագանին գազատարը ճանաչել է որպես համայնքային սեփականություն և ընդունել համայնքի հաշվեկշիռ: Թիվ 10 որոշումով ավագանին որոշել է վաճառել մետաղյա խողովակները 159 մմ տրամաչափի խողովակի մեկ մետրի համար սահմանելով 2000 դրամ, իսկ 219 մմ-ի համար` 3000 դրամ:
Մեծամոր համայնքի 2015թ. մարտի 20-ին կայացած 2 նիստ էլ զուրկ են իրավական ձևակերպումներից: Նախ գործադիրը չի պարզել, թե ում է պատկանում գազատարը, որ կարողանար սեփականատիրոջ հաշվեկշռից տեղափոխեր համայնքի հաշվեկշիռ: Համարենք, որ գազատարը տեր չունի և առանց արժեքի տեղափոխվել է համայնքի հաշվեկշիռ: Այստեղ երկրորդ հարցն է առաջանում` կապված նույն օրվա երկրորդ նիստի հետ, որով պետք է քննարկեին գազատարի վաճառքի հարցը: Ստացվում է գյուղապետը համոզված էր, որ գազատարի հաշվեկշիռ ներառելու հարցը լուծված է, մնում է նոր նիստով վաճառելու հարցը լուծել: Նոր նիստ գումարելու համար, համաձայն ՏԻՄ ՀՀ օրենքի 12 հոդվածի 1-ին պարբերության, նիստից առնվազն 5 օր առաջ պետք է ձևավորվեր առաջիկա նիստի օրակարգը, իսկ 12 հոդվածի 3-րդ պարբերությունը պահանջում է նիստից առնվազն 3 օր առաջ քննարկվող հարցերի նախագիծը տրամադրել ավագանու անդամներին:
Եթե այս փաստն էլ մանրուք համարենք, նոր հարց կառաջանա թե ավագանին ի՞նչ մեթոդոլոգիայով սահմանեց խողովակների վաճառքի գինը, որը կրկնակի անգամ էժան է շուկայական գներից և ինչո՞ւ ուղիղ վաճառքով: Եթե գյուղապետը մտահոգված էր համայնքի բյուջեով, կարող էր օրենքով սահմանված կարգով հրավիրեր որևէ գնահատող կազմակերպության, խողովակների գինը որոշակի կդառնար և աճուրդով կվաճառեր: Դրանից միայն համայնքի բյուջեն կշահեր:
Այժմ ներկայացնենք մեր վերլուծության ամենահետաքրքիր մասը: 2015 թվականի Մեծամոր համայնքի ավագանու 2 նիստերի որոշումների տակ ստորագրել են ավագանու 5 անդամներից 3-ը, գյուղապետի կինը՝ Վարդուհի Միրզոյանը, գյուղապետի հորեղբոր թոռը՝ Հովհաննես Մխիթարյանը և Գրիգոր Մկրտչյանը, ով գտնվում է ՌԴ-ում: Մենք փորձեցինք որոշումն ընդունած ավագանիներից պարզել, թե որքանո՞վ է որոշումը բխում գյուղացիների շահերից: Հովհաննես Մխիթարյանը տանը չէր: Տանը չէր նաև գյուղապետի կինը: Նրանց դուստրը զանգի միջոցով էլ չպարզեց ծնողների գտնվելու վայրը:
Գյուղապետարանի քարտուղարի իմանալով վաճառված գազատարի գումարով պատրաստվում են գյուղի մանկապարտեզը նորոգել: Գրիգորյանը միայն գիտեր, որ արդեն վաճառված խողովակներից ստացված 816 հազար դրամը մուտք է արվել համայնքի բյուջե: Գնորդի ով լինելու մասին աշխատակազմի ղեկավարը տեղյակ չէր, իսկ գնորդի հետ առքուվաճառքի պայմանագիր գոյություն չուներ:
Հարկ է նշել, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Էդվարդ Միրզոյանը երկու անգամ ընտրվել է գյուղապետ և իր նախընտրական ծրագրերի «մեխը» եղել է մանկապարտեզի շենքի վերանորոգումը:
Ավագանու նիստերը կայանում են թղթի վրա
12:55, 16 հլս. 2015