2013 թվականի մայիսի 12-ին, ժամը 13:40-14:10 ժամանակահատվածում Արմավիրի մարզի շուրջ 4 տասնյակ համայնքների գյուղացիական տնտեսություններ հետևում էին, թե ինչպես է կարկուտը եղեռն իրականացնում իրենց դաշտերում և այգիներում: Այդ 30 րոպեների ընթացքում, լուռ հետևելով կարկուտի իրականացրած դաժան տեսարանին, գյուղացին մտովի ոչ թե իր վնասներն էր հաշվում, այլ մտածում էր, ի՞նչ է անելու, ինչպե՞ս է ընտանիքի գոյությունը պաշտպանելու, ինչպե՞ս է վարկերը մարելու, բարեկամների, հարևանների, խանութների, մեխանիզատորների պարտքերը ինչպե՞ս է տալու: Կարկուտից հետո գյուղացիները, գնահատելով իրավիճակը, հասկացան, որ էլ անելիք չունեն այգիներում և մնում է այլ ելք փնտրել ընտանիքին սովից փրկելու համար:
Փորձենք հասկանալ, ինչո՞ւ կարկուտ տեղաց, չէ՞ որ շաբաթներ առաջ մարզում 101-րդ հակակարկտային կայանը տեղադրելիս Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահ հայտարարեց, որ մարզի տարածքի 90 տոկոսը ապահովագրված է կարկուտից: Հիմա կարելի է 2 եզրակացություն անել, առաջին՝ այն ներդրումները, որ կատարվել են Հայաստանում, տեղադրելով ոչ պիտանի 200 հակակարկտային կայաններ, իզուր են եղել և, երկրորդ՝ կայանները մայիսի 12-ին էֆեկտիվ չեն աշխատել:
Առաջին տարբերակի վերաբերյալ եզրակացություն կարող են անել միայն մասնագետները, որը երևի թե ժամանակին արվել է:
Այժմ փորձենք վերլուծել երկրորդ տարբերակը: Ըստ մասնագետների կարկտաբեր ամպերն Արմավիրի մարզ մուտք են գործում Թուրքիայի կողմից, ըստ այդմ սահմանի երկայնքով տեղադրվել է 70 հակակարկտային կայան: 33 կայան էլ տեղադրվել է մարզի առավել ռիսկային վայրերում: Կայաններից 68-ը տնօրինում է Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը կայանները ղեկավարում է մեկ կենտրոնից: 33 հակակարկտային կայաններ էլ տրվել են համայնքներին:
Հակակարկտային կայանն իրենից ներկայացնում է խողովակ, որի ներքևի լայնացած մասում լցվում է ազոտ և կայծի միջոցով գազը ժայթքում է երկինք: Կայաններն ունեն կառավարման տուփեր, որտեղ տեղադրված է հեռախոսակապի SIM քարտ և SMS հաղորդագրության միջոցով նշվում է համազարկերի թիվը: Կայանը, ընդունելով հաղորդագրությունը, կատարում է հրամանը և պատասխան է ուղարկում, որ հրահանգը կատարված է:
Մայիսի 12-ին ժամը 11:00-ից սկսեցին մութ ամպեր կուտակվել և, ըստ գյուղացիների, լսվում էին հակակարկտային կայանների համազարկերի ձայները: Այնուհետև սկսվեց հորդառատ անձրև, համազարկերը շարունակվում էին: Ժամը 13:00-ի մոտակայքում սկսվեց ուժեղ սառը քամի: Դժվար չէր ենթադրել, որ կարկուտը հասունանում է: Հակակարկտային կայանները շարունակում էին աշխատել: Ժամը 13:25-ին էլեկտրամատակարարման ցանցում վթար տեղի ունեցավ և հոսանքազրկվեց գյուղերի 70 տոկոսը: Հոսանքազրկմանը զուգահեռ ընդհատվեց նաև հեռախոսակապը, ինչը փաստում են նաև կայանները կառավարող գյուղապետերը, ովքեր լինելով կայաններից ոչ հեռու տեսնում էին, կապ գոյություն չունի:
Մեկ կենտրոնից կառավարող անձնակազմը, գտնվելով կայաններից ավելի մեծ հեռավորության վրա, չէր կարող ենթադրել, որ հեռախոսակապն ընդհատվել է և պարբերաբար ուղարկվող SMS հաղորդագրությունները տեղ չեն հասնում: Ժամը 13:40 րոպեին սկսեց կարկուտ տեղալ և տևեց 25-30 րոպե: Ժամը 13:52-ին էլեկտրամատակարարումը վերականգնվեց և SMS հաղորդագրություններն ուշացումով հասան հասցեատիրոջը, այսինքն՝ հակակարկտային կայաններ և կրկին սկսվեցին համազարկերը: Հենց այս պատճառով է, որ վրդովված գյուղացիները փաստում էին, որ կարկուտից հետո սկսեցին կայանները համազարկեր արձակել:
Կարկուտը Արմավիրի մարզի 43 համայնքների գյուղացիական տնտեսությունների հասցրեց 40-100 տոկոս վնաս: Խուճապահար գյուղացիներն իրենց զայրույթն արտահայտում էին տարբեր նշանակության ավտոճանապարհներ փակելով: Բանը հասավ նրան, որ փակվեց Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը:
Կատարվեց այն, ինչ կատարվեց և մեղավորներ փնտրելը երկրորդական աշխատանք է: Մարզի շուրջ 30 համայնքներում բանջարաբույծները զրկվել են մեկ տարվա բերքից, պտղատու այգեգործները՝ այս տարվա 100 և հաջորդ տարվա 50 տոկոս բերքից, խաղողագործները՝ այս տարվա 100, հաջորդ տարվա 70 և երրորդ տարվա 50 տոկոս սպասվող բերքից:
Երևույթը լիովին տեղավորվում է աղետի տրամաբանության մեջ: Սխալված չենք լինի ասելու, որ վտանգված է երկրի պարենային անվտանգությունը: Մնում է հուսալ, որ իշխանություններն այնպիսի համալիր ծրագիր կառաջարկեն գյուղացուն, որ վերջինս ստիպված չի լինի 3 տարի սոված սպասել, թե երբ է իր խաղողի վազը կրկին բերք տալու: Այլ պարագայում պարտքերի տակ կքված գյուղացին կամ կմեկնի արտագնա աշխատանքի կամ կքանդի այգիները:
ՎՏԱՆԳՎԱԾ Է ԵՐԿՐԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
18:38, 16 մյս. 2013