Հունիսի 26-ին, առավոտյան Արմավիր – Երևան մայրուղին փակած գյուղացիներին ՋՕԸ և «Ջրառ» ՓԲԸ ներկայացուցիչները խոստացան երեկոյան ժամը 8-ին ապահովել ոռոգման ջրով։ Մարզի 12 համայնքների գյուղացիական տնտեսություններ ոռոգման ջուր չունեին 6 օր։ Ըստ գյուղացիների, դա նշանակում էր բանջարաբոստաային կուլտուրաների առնվազն երկու բերքահավաքից հետ ընկնել և կորցնել բերքի զգալի մասը։
Ջրամատակարարումը խափանվել էր Ռանչպարի պոմպակայանից սնուցվող մայր ջրատարի վթարի պատճառով։ Վթարը շաբաթ երեկոյան վերականգնվել էր, ջրամատարակարարումը՝ նույնպես, բայց ոչ բոլոր գյուղացիներին էր ջուր հասել։ Սևակը, արդեն երկու օր է, տուն չի գնացել, 3 հեկտար լոլիկի կեսը չի ջրել։ Ասում է՝ խաղողի ողկույզը նույնպես ծարավությունից թափվում է։
Գյուղացիներն առավոտյան «Էջմիածին» ՋՕԸ են այցելել, երկու պայման են դրել տնօրենի առաջ՝ կամ ապահովել ոռոգման ջրով, կամ լուծարել սպառող-մատակարար հարաբերությունները կարգավորող պայմանագիրը։
«Էջմիածին» ՋՕԸ սպասարկում է Էջմիածնի և Արմավիրի տարածաշրջանների 50 գյուղերի։ Ջրամատակարարումն ապահովում է Սևանա լճից՝ Ռանչպարի պոմպակայանի միջոցով, Ակնալճի, Մեծամորի պոմպակայաններով և խորքային հորերի միջոցով։ Ըստ ՋՕԸ գործադիր տնօրեն Արամ Սարգսյանի, ջրի սակավության պատճառը ոչ միայն Ռանչպարից եկող ջրատարի վթարն է, այլև էլեկտրաէներգիայի տատանումները, որը խափանում է պոմպերի և խորքային հորերի 24-ժամյա աշխատանքը։ Բացի դա, միաժամանակ ապահովել բոլոր համայնքների գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկը, անհնար կլինի, – ասաց մատակարարը։
Ըստ Սարգսյանի, ջրի սղություն վերջին 3 օրերի ընթացքում նկատվել է սպասարկման ողջ տարածքում։ Ասում է՝ մինչև երեկո խնդիրը կկարգավորվի։ Արդեն 3 օր է, պոմպերն աշխատում են ամբողջական ռեժիմով։ Ըստ Սագսյանի, այսօր փոխհատուցման պահանջով 5 դիմում է ստացել գյուղացիներից, ասաց՝ ուսումնասիրություն կկատարեն, եթե պարզեն, որ մշակաբույսը տուժել է ոռոգման ջրի պատճառով, ապա կդիմեն կառավարություն։