Կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը դարձրել են Հայաստանի գյուղատնտեսության փրկության միակ ճանապարհը: Պետական ծրագրեր, սուբսիդավորմամբ վարկեր, գովազդային արշավ ու էլի շատ գայթակղիչ առաջարկներ: Հասկանալի է, գյուղատնտեսության նախարարությունն իր գոյությունը արդարացնելու համար հազար տեսակ մանիպուլիացիաների կդիմի, սակայն, երբ դա արվում է ոչ մասնագետների կողմից, աբսուրդի է հասնում:
Մնում է բարձրախոս բերել, կանգնել Գյուղատնտեսության նախարարության առջև ու գոռալ, որ կաթիլային ոռոգումը ծայրահեղ միջոց է, որ կաթիլային ոռոգում իրականացնում են ջրազուրկ երկրներում, որ կաթիլային ոռոգում իրականացնում են բարդ ռելիեֆի պայմաններում, որ կաթիլային ոռոգումը բարձրացնում է գյուղմթերքի ինքնարժեքը, որ կաթիլային ոռոգումը նվազեցնում է բերքատվությունը, որ Հայաստանը ոռոգման ջրի խնդրի առաջ է կանգնել միայն ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման հետևանքով:
Նախ նշենք, որ բանջարաբոստանային կուլտուրաների պարագայում կաթիլային ոռոգումը կիրառելի չէ զուտ այն պատճառով, որ գյուղտեխնիկայի աշխատանքն անհնարին է դառնում:
Ավանդական խաղողի այգիներում նույնպես հնարավոր չէ կիրառել, քանի որ ոռոգման ցանցը պետք է այգեթաղից առաջ ապամոնտաժել, այգեբացից հետո՝ նորից մոնտաժել:
Ավանդական մրգատու այգիներում հսկայական ծառերը կաթիլով ոռոգելը մանկամտություն է: Մնում է գոյություն չունեցող գաճաճ ինտենսիվ այգիները ոռոգել կաթիլային եղանակով, որը ենթադրում է տարածքի պարսպապատում և զինված պահակախմբի առկայություն:
Գյուղնախարարության գովազդային հոլովակը շատ նման է հեռախոսի գովազդային հոլովակի «ամսական ընդամենը 12 հազար դրամ», որի տակ, համարյա անտեսանելի, գրված է 24 ամիս: Նույն տրամաբանությամբ կառուցվել է կաթիլային ոռոգման գովազդային հոլովակը:
Անդրադառնանք գովազդային հոլովակում հնչեցված յուրաքանչյուր նախադասությանը:
Երաշխավորված ոռոգում ապահովենք – Ո՞վ է երաշխավորը և ինչպե՞ս է երաշխավորելու:
Կարելի է ենթադրել, որ արդեն մոնտաժվել է միլիարդների հասնող խողովակաշար և գյուղացին իր կաթիլային ոռոգման համակարգը հողամասի «գլխից» միանալով՝ ճնշումային ոռոգման ջուր է ստանալու: Կա՞ այդ համակարգը, ոչ, իսկ ե՞րբ կլինի, ոչ ոք չգիտի: Ո՞վ է երաշխավորը, Ջրային կոմիտե՞ն, թ՞ե գյուղնախարարությունը, էլի անորոշ է:
Նվազեցնենք ծախսերը կաթիլային ոռոգման համակարգի շնորհիվ – Այսինքն գյուղացին պետք է վարկ վերցնի, կաթիլային համակարգ ձեռք բերի, մի 5, լավագույն դեպքում՝ 10 տարի հետո նորից նույնը կրկնի ու ծախսերը կնվազեն: Ո՞ր ծախսն է նվազում, ի՞նչ հիմնավորմամբ է նվազում, էլի ոչ ոք չգիտի:
Ավելացնենք գյուղմթերքի բերքատվությունը շուրջ 40 տոկոսով – Վերջերս գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այս կապակցությամբ, որպես հիմնավորում, ասաց, որ կաթիլային ոռոգման ժամանակ բույսը սթրեսի չի ենթարկվում և դա բարձրացնում է բերքատվությունը: Էլի թող բարձրացնի, բայց 40 տոկոսո՞վ: Նախ՝ կապված բերքատվության հետ, կաթիլային ոռոգումը ոչ մի չափորոշիչով չի կարող առավելություն ունենալ մակերևույթային ոռոգման նկատմամբ: Կաթիլային ոռոգման դեպքում բույսը ոռոգման ջուր չի ստանում, ընդամենը ջրային մասսայով խոնավեցվում է հողը: Գյուղերում անզեն աչքով տեսանելի է ինքնահոս ոռոգմամբ այգիների առավելությունը:
Դուք ստանում եք վարկ, իսկ պետությունը սուբսիդավորում է տոկոսադրույքը – Սա գովազդային հոլովակի «մեխն» է: Այստեղ է, որ Գյուղատնտեսության նախարարությունը չի ցանկանում բացել փակագծերը: Նախ՝ վարկը ձևակերպվում է գյուղացու անունով, իսկ գումարը ստանում է նախարարության կողմից ընտրված կապալառու կազմակերպությունը: Գյուղացին ոչ միայն պետք է վճարի կաթիլային համակարգի, այլ նաև կապալառու կազմակերպության կատարած ծախսերը՝ սկսած տնօրենի աշխատավարձից մինչև հավաքարար:
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչ Քյարամը, ով ձմերուկ է աճեցնում իր վարձակալած 2 հեկտար հողատարածքի վրա, կաթիլային ոռոգման համակարգ տեղադրելու համար ծախսել է 580 հազար դրամ: Նա նույնիսկ մանրամասնում է, որ 50 հազար դրամով գնել է 250 մետր 50 մմ ռետինե խողովակ, 350 հազար դրամով 7 կմ ռետինե բարակ խողովակ, 110 հազար դրամ ցանցը տեղադրելու համար և 70 հազար մնացած կցորդիչների համար: Ըստ Քյարամի, մեկ հեկտար կաթիլային ոռոգում անցկացնելու համար անհրաժեշտ է ընդամենը 300 հազար դրամ:
Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացուն հորդորում է միջինը 1,3 միլիոն դրամի վարկի տակ մտնել, փոխարենը ի՞նչ է ստանալու, քանի՞ տարի է շահագործելու, ոչինչ չի ասվում գովազդային հոլովակում:
Խորհրդատվություն ստանալու համար դիմեք գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներ – Հետևելով գյուղնախարարության հորդորին, խորհրդատվություն ստանալու նպատակով, դիմեցինք գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Արմավիրի մարզային կառույցին: Կառույցի աշխատակիցներն առաջին անգամ մեզանից լսեցին, որ նման ծրագիր կա և, որ իրենք կոչված են խորհրդատվություն տրամադրելու համար:
Ո՞վ է այս հոլովակի հեղինակը
21:14, 08 օգս. 2018