2020 թվականի այս ամիսներին մեծ պաթոսով մեկնարկեց Երևան-Արմավիր Մ5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր քաղաքի 2 կմ հատվածի հիմնանորոգումը։ Շինարարական աշխատանքները միաժամանակ սկսվեցին Երևանյան փողոցի ողջ երկայնքով։ Կաթվածահար եղավ Արմավիր քաղաքի երթևեկությունը։ Ճանապարհին կից գործունեություն իրականացնող տնտեսվարողները դադարեցրին իրենց գործունեությունը շուրջ 6 ամիս։ Փողոցի հարևանությամբ բազմաբնակարան շենքերի բնակիչները ստիպված էին ամիսներ շարունակ փոշի շնչել։ Այս քաոսի մեջ արմավիրցիներին հուսադրում էր մի բան՝ այն, որ մի օր աշխատանքները կավարտվեն և կունենան եվրոպական չափանիշներին մոտ ավտոճանապարհ։
Դեկտեմբեր ամսին սկսվեցին ասֆալտապատման աշխատանքները։ Շինարարները դեռ նոր էին ավարտել առաջին կիլոմետրի ասֆալտապատման աշխատանքները, զուգահեռաբար սկսվեց առաջին կիլոմետրի վերանորոգման աշխատանքները։ Պարզվեց, որ ջրահեռացման դիտահորերի մակարդակը որոշող մասնագետը չի տիրապետում գեոդեզիական սարքավորումներին։
Նույն սկզբունքով ավարտվեց երկրորդ կիլոմետրի ասֆալտապատման աշխատանքները։ Վերջում պարզվեց, որ 2 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի մակարդակը 20-25 սմ-ով ցածր է ստացվել Երևանյան փողոցը հատող մյուս ճանապարհների մակարդակից։
Այս տարվա գարնանային անձրևները նոր բացահայտումներ կատարեցին։ Պարզվում է անձրևաջրերը ճանապարհի տարբեր հատվածներում կուտակվում են և չեն հասնում իրենց համար նախատեսված ջրահեռացման դիտահորեր։ Այս խնդիրը լուծելու համար Երևանյան փողոցի ամբողջ երկարությամբ նորից սկսվել են վերանորոգման աշխատանքներ։
Ինչպես յուրաքանչյուր շարքային քաղաքացու մոտ, այնպես էլ մեզ մոտ, հարցեր են առաջանում`
– Ի՞նչ սկզբունքով է ընտրվել շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունը։
– Ո՞վ է եղել տեխնիկական վերահսկողություն իրականացնողը։
– Ո՞վ է պատասխանատու անորակ աշխատանքների համար։ – Ի՞նչ միջոցներով է արդեն երկրորդ անգամ վերանորոգվում, դեռ ասֆալտը չսառած, ճանապարհը։