Այս օրերին Ազգային ժողովում քննարկվող հարցի հրամայականով իմ պարտքն եմ համարում հանրությանը ներկայացնել հունական փոքրիկ գյուղի սպանդի պատմությունը, որն ինձ է հասել հորիցս և ականատեսների հարազատներից:
1921 թվականին օսմանյան կայսրությունն իմանում է, որ Հայաստանում կա Բայթար անունով հունական գյուղ, որտեղ մոտ 600 հույներ են բնակվում: Որոշում է կայացվում կոտորել Բայթար գյուղի բնակիչներին: Ընթերցողին հասկանալի լինելու համար ասեմ, որ Բայթար գյուղի ներկայիս անունը Հովտուն է և գտնվում է Աշոցքից մոտ 13 կմ հարավ-արևմուտք:
1921 թվականի դեկտեմբեր ամսին Բայթար գյուղին կից Բանդիվան հայկական գյուղ են ձիերով գալիս մոտ 40 զինված ասկյար: Մեկ-երկու օր մնալով Բանդիվանում, տեղեկանում են Բայթարի բնակիչների ապրելակերպից, հարստությունից և 40 հեծյալով հարձակվում են գյուղի վրա:
Սկզբում բոլոր տղամարդկանց, մոտ 150 հոգու լցնում են գյուղի եկեղեցին և, տուն-տուն անցնելով, սկսում թալանը:
Կեսօրից հետո եկեղեցու տղամարդկանց ասկյարներն ասում են, որ պետք է իրենց տանեն Ճջխլարի՝ այժմ Ցողամարկի, ճանապարհի վրա աշխատանքներ կատարելու: Շարասյուն կազմելով 30 ձիավորի ուղեկցությամբ 150 տղամարդու տանում են Բանդիվանի ուղղությամբ:
Երբ ճանապարհից շեղվում են, տղամարդիկ սկսում են կասկածել, որ իրենց տանում են աշխատացնելու նպատակով: Կիրակոսը մի ոտքից կաղում էր, միշտ ետ էր մնում շարասյունից: Ասկյարներն ավելորդ գլխացավանքից ազատվելու համար տեղում գնդակահարում են նրան: Այս փաստից գերվածները հասկանում են, որ իրենց գնդակահարելու են տանում:
Երբ շարասյունը հասնում է երկու սարերի արանքը, ասկյարները հրամայում են տղամարդկանց ձորակի մեջ հավաքվել: Այդ տեղանքում բնական աղբյուրներ շատ կային և յուրաքանչյուր աղբյուր իր ձորակն ուներ, որոնց խորությունը կարող էր հասնել 1-2 մետրի:
Հարմար տեղավորվելով վերևում, ասկյարները սկսում են գնդակահարել հույն տղամարդկանց:
Իվանյան Իվանը, ում գյուղում Իվան Ապեր էին կոչում, նույնպես ձորակում էր և, իր պատմելով, կենդանի էր մնացել իր կարճ հասակի շնորհիվ: Իվան ապերը պատմել է հորս, որ րոպեների ընթացքում ձորակը լցվել է դիակներով ու, երբ թուրքերը սկսել են կենդանի մնացած վիրավորներին սպանել, մեկը խնդրել է չսպանել իրեն փոխարենը ոսկի կտա: Սակայն կրակոցը լռեցրել է այդ մարդու ձայնը: Իվան Ապերը, հայտնվելով դիակների տակ, կենդանի է մնացել նույնիսկ այն դեպքում, երբ ասկյարները սրերով ծակում էին արդեն սպանվածների մարմինները:
Որոշ ժամանակ Իվան Ապերը պառկած մնալով և լսելով, որ ասկյարները հեռացել են, դուրս է գալիս դիակների տակից ու սկսում փնտրել կենդանի մնացած համագյուղացիներին:
Դիակների տակից դուրս են գալիս Մինասյան Տիգրանը, ում Տիգրան Ապեր էին կոչում, Գյուրջյան Ադան, Կարապետյան Սումբաթը:
150 հույն տղամարդկանցից չորսին է հաջողվում կենդանի մնալ այս սահմռկեցուցիչ սպանդից: Հրաշքով ողջ մնացած չորս համագյուղացիներով սարի բարձունքից հետևում են գյուղում կատարվածին, թալան ու բռնություն, կրակոցներ, երեխաների ճիչ: Ադան ու Սումբաթը որոշում են գյուղ մտնել: Իվանի ու Տիգրանի հորդորներին չլսելով, նրանք իջնում են Բայթար, բայց, գյուղին չհասած, սպանվում են ասկյարների կողմից:
Մինչև մութն ընկնելը Իվանն ու Տիգրանը հետևում էին, թե ինչպես են թուրք զինվորներն իրենց իսկ սայլերը բարձում թալանը: Իվան Ապերը չգիտեր, որ ասկյարները հայտնաբերել են իր 5 երեխաների թաքստոց հանդիսացող կարտոֆիլի հորը և այրել այն երեխաների հետ միասին: Գյուղի բնակիչների մի մասին ասկյարները տանում են թալանի հետ, մնացածին՝ հատկապես հասակավոր կանանց, տան մեջ սպանում են:
Տիգրանն ու Իվանը, գիշերն անցկացնելով Արփաչայի ձորում, լույսը չբացված ուղևորվում են դեպի Գյումրի՝ այն ժամանակ Ալեքսանդրապոլ:
Ձմեռն անցկացնելով Գյումրիում, գարնանը, մարտ ամսին վերադառնում են Բայթար, սակայն գյուղում կենդանի շունչ չեն գտնում: Ամենուրեք դիակներ էին, ձորակը լցված էր սառած դիակներով: Իվանն ու Տիգրանն օգնության են կանչում բանդիվանցիներին և ձորակը դարձնում եղբայրական գերեզման:
Այնուհետև Բայթար են գալիս գյուրենացի գաղթականները, ովքեր Կաթնաղբյուր էին գաղթել, գտնում են Բայթարի քահանային և խնդրում բնակարաններ վաճառել իրենց: Քահանան ասում է, որ գյուղում կենդանի շունչ չկա, տներում մենակ դիակներ են, գնացեք, որ տան դուռը կուզեք բացեք ձերն է, մենակ դիակները քրիստոնեավայել թաղեք:
Այսպես Բայթարը հունական գյուղից վերածվեց գաղթականների գյուղի: Նորաբնակների պատմելով վառված տներում, գոմերում, ցախատներում բազմաթիվ մարդկային ոսկորներ են եղել:
Իվանն ու Տիգրանը, կորցնելով իրենց ընտանիքներն ու հարազատներին, բնակություն են հաստատում Բայթարում:
Տարիներ անց, մոտ 1950 թվականին, Բայթար են ժամանում ինչ-որ անծանոթ մարդիկ, հայտնում, որ Բայթարից են և թուրքերն իրենց բռնի ուժով Թուրքիա են տարել, եկել են իրենց ծննդավայրը տեսնելու: Բայթարցիների հետ հյուրերը ողբերգական ձորակի մի մասը ցանկապատում են և ծաղիկներ դնում եղբայրական գերեզմանին:
Տիգրան Ապերի երազանքն էր հուշարձան կառուցել ողբերգության վայրում, սակայն 1964 թվականին մահացավ առանց իրականացնելու իր երազանքը:
Հայաստանում հունական գյուղի ողբերգական ճակատագիրը
18:19, 25 մրտ. 2015