Գյուղացիներն իրականացնում են աշնան վերջին բերքահավաքը։ Ակնալիճցի Գասո Սլոյանը Արշալույս գյուղում 1,5 հեկտար հողատարածք է վարձակալել, լոլիկ ու սմբուկ է ցանել։ Լոլիկի վերջին բերքահավաքն է կատարում։ Ասում է՝ շուրջ 5 տոննա լոլիկ կլինի, ափսոս է, դաշտում չմնա, բույսն արդեն չորանում է, պտուղը կորակազրկվի։ Գործարանին լոլիկի մեկ կիլոգրամը 40 դրամով է հանձնում։ Գյուղատնտեսական սեզոնի ընթացքում հասցրել է 30 տոննա լոլիկ մթերել։ Սլոյանի սպասելիքները չեն արդարացել, հիասթափված է, նախ՝ 40 դրամով լոլիկի վաճառքը կատարած ներդրումը չի հատուցում, իսկ ամենակարևորը՝ սերմնացուի հարցում է խաբվել։ Եթե լոլիկի սերմի հարցում վաճառողը բարեխիղճ գտնվեր, ապա Գասոն մեկ հեկտարից մոտ 80 տոննա լոլիկ կհավաքեր։ Ասում է՝ նախորդ տարի հենց այդ ցուցանիշն է ունեցել։ «Քոլերը կանաչ կանգնած էին, չէր ծաղկում, հետո ծաղկեց, պամիդորը չպահեց վրան, ավելի ուշ քցեց պտուղը ու ուշ էլ կարմրեց, սեզոնի կեսից նոր սկսել են հավաքել։ Հետո մի տեսակ սորտը ուրիշ էր, չհասունացած նեխում էր, դիմացկուն չէր, դրա համար հազիվ մի 30 տոննա հավաքեցինք», – ասում է Գասոյի հայրը և սրտնեղում՝ 5 մլն դրամ վարկ է վերցրել մշակությունն իրականացնելու համար, բայց գումարը հազիվ բավականացրել է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման՝ բուժանյութի, ոռոգման, բերքահավաքի ու աշխատուժին վարձատրելու համար։ Եվս 300 հազար դրամ պետք է վճարի վարձակալված հողի համար։
Գասոն հողատարածքի մոտ 1000 քմ-ը սմբուկ է սածիլել։ Բերքը հաջող է ստացվել, գործարանն էլ գոհացուցիչ գնով է մթերել՝ կիլոգրամը 80 դրամով։ Ասում է՝ եթե ամբողջ հողատարածքը սմբուկ լիներ, մեծ եկամուտ կապահովեր։ Հիմա մտածում է եկող տարի լոլոիկի մշակությունից հրաժարվել, սմբուկ ու պղպեղ մշակել, հույս ունի, իրացման խնդիր չի առաջանա։
Սլոյանը նաև ջերմոցային տնտեսություն ունի, այստեղ էլ լոլիկ է մշակել, բայց արտահանող չի եղել։ Սկզբում 80-120 դրամով տեղական մեծածախ շուկայում վերավաճառողներին է տվել, իսկ ավելի ուշ 40 դրամով գործարանին է հանձնել։ Ասում է՝ ջերմոցային պայմաններում բանջարեղեն մշակելը մի քանի անգամ ավելի ծախսատար է։ Հարևաններից հետաքրքրվել է՝ ելակի ու կանաչու մշակությունն ավելի ձեռնտու է, գուցե այս տարի ջերմոցում մշակաբույսի տեսակը փոխի, մտածում է այդ ուղղությամբ։

Նշենք, որ այս տարի լոլիկի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները հուլիս-օգոստոս ամիսներին իրացման լուրջ խնդիր ունեին։ Խնդիրն այնքան էր հասունացել, որ ակնալիճցիներն իրենց ձայնը հասանելի դարձնելու համար ճանապարհ փակեցին, բողոքի ալիք բարձրացրեցին։ Դրանից հետո, մարզային իշխանությունների միջամտությամբ, մթերող կազմակերպությունները լոլիկի մեկ կիլոգրամի արժեքը 30 դրամից դարձրեցին 40 դրամ, իսկ որոշ կազմակերպություններ ավելացրեցին մթերման ծավալները։

Եթե ամփոփենք գյուղատնտեսական տարվա մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը, ապա այս տարի գյուղացիական տնտեսությունները բերքի իրացման լուրջ դժվարություններ ունեցան տարբեր մշակաբույսերի և պտղի հարցում։ Օրինակ, փաստի առաջ էին կանգնած դեղձի մշակությամբ զբաղվողները, ովքեր ևս ընտրեցին ճանապարհ փակելու և բողոքի ձայն բարձրացնելու ձևը, և միայն դրանից հետո խնդիրը կարգավորվեց մթերող կազմակերպություններին սուբսիդիա տրամադրելու միջոցով։ Նույնը կրկնվեց սալորի դեպքում։ Այստեղ էլ ճանապարհը փակեցին քարակերտցիները։ Բայց, ի տարբերություն լոլիկի և դեղձի, սալորի ճակատագիրն այդքան էլ հարթ չընթացավ։ Ըստ գյուղացիների, հարյուրավոր տոննաներով սալորը մնաց ծառերին, գերհասունացավ, թափվեց ու չիրացվեց։ Պահանջարկը չբավարարեց առաջարկին։

Խաղողի բերքահավաքը շարունակվում է։ Այստեղ, եթե գործարանային տեսակի իրացման խնդիրներն այդքան էլ շոշափելի չէին, ապա սեղանի սորտի դեպքում պատկերն այլ էր։ Ալաշկերտցի այգեգործները պնդում էին, որ արտահանողները հետաքրքություն չեն ցուցաբերել, գործարաններն էլ դժվարությամբ են պայմանագիր կնքում սեղանի սորտի՝ քիշմիշի և շահումյան տեսակների համար։ Նշենք, որ խաղողի մեկ կիլոգրամը այս տարի մթերող կազմակերպությունները գնում են 135-150 դրամով։ Խաղողագործների պնդմամբ, շատ դեպքերում մթերման ժամանակ սակագինը կարող էր իջնել մինչև 110 դրամ՝ որակով պայմանավորված։

«Ծիածան» կոչվող մեծածախ շուկան է՝ Արմավիր-Երևան մայրուղու հարևանությամբ։ Տարվա այս ժամանակահատվածում շուկայում գերիշխող տեղ են զբաղեցնում լոլիկը, կաղամբը, ծաղկակաղամբը, սոխը, կարտոֆիլը, լոբին, տանձը, խնձորը, խաղողն ու դեղձը։ Վաճառող գյուղացիների խոսքով, այս սեզոնին առևտուրն ավելի լավ է ընթանում։ Լոլիկի մեկ կիլոգրամը 200 դրամ է վաճառվում, կարտոֆիլը՝ 130-200, դեղձը՝ 300-500, տանձը՝ 500-800, խնձորը՝ 200-400, կանաչ լոբին՝ 250-300 դրամով են վաճառում։

Աշնան վերջին ամիսներին դեռ կշարունակվի բանջարաբոստանային կուլտուրաների, խաղողի բերքահավաքը և գյուղացին կհաշվարկի իր տարեկան ծախսն ու եկամուտը։