Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը 3 օր շարունակ տոնում է քաղաքի հիմնադրման 2698-ամյակը: Էջմիածնի քաղաքապետարանի հարակից պուրակներում անցկացվում են բացօթյա համերգներ, ժամանցային ծրագրեր և ցուցահանդեսներ: Այսօր միջոցառումը սկսվեց հանդիսավոր շքերթով: Քաղաքի ծնունդը, ինչպես միշտ, ազդարարում են Վաղարշ թագավորը, Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթև կաթողիկոսը: Ծննդյան տոնակատարությունները սկսվել են հոկտեմբերի 6-ից: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը վստահեցնում է՝ ամեն տարի քաղաքի տոնին քաղաքապետարանը հանդես է գալիս յուրօրինակ նվերով: Այս տարի Տերյանի անվան պուրակ են կառուցել, որի բացումը տեղի ունեցավ տոնակատարության ընթացքում: Հրապարակում էին Էջմիածնի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, պարային ու սպորտային խմբեր, ԵԿՄ կամավորականներ, կրթական հաստատությունների ուսանողներ ու աշակերտներ: Պարային կատարումներով, ցուցադրական ելույթներով ու փոքրիկ ներկայացումներով յուրաքանչյուրը փորձում էր իր ելույթով գեղեցկացնել միջոցառումն ու ապահովել տոնական տրամադրությունը: Ուշ երեկոյան տեղի կունենա նաև համերգային ծրագիր, որին կհաջորդի տոնական հրավառությունը: